Նորություններ
ԱՄԱՍԻԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ ՄԻՋԻՆ ԵՎ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ամասիայում մեկնարկեց «Азбука Интернета» (Ինտերնետի Այբբենարան) խորագիրը կրող առաջին դասընթացը միջին և բարձր (50+) տարիքի բնակիչների համար։ Սա թվով երկրորդ դասընթացն է, որ անց է կացվում հայերեն լեզվով․ առաջինը մեկնարկել է Ալավերդի քաղաքում։
Հայալեզու դասընթացներն Ամասիայում «Ռոստելեկոմը» կազմակերպել և իրականացնում է Վորլդ Վիժն Հայաստանի հետ համագործակցության շրջանակներում․ դասընթացներն անց են կացնում տարածքային ծրագրերի երիտասարդ կամավորները գրադարանի շենքում տեղակայված համակարգչային սրահում։
Կամավորները նախապես մասնակցում են տարեցներին դասավանդման առանձնահատկությունների և մոտեցումների վերաբերյալ սեմինար-դասընթացի, տեղեկանում աշխատանքի հոգեբանական և մեթոդական նրբություններին, հետո միայն սկսում դասավանդել։
«Ամասիայում դասընթացները շարունակական բնույթ կկրեն, քանի որ գրանցվել ցանկացողները շատ են, մինչդեռ ծրագրի արդյունավետության համար նպատակահարմար է խմբում ընդգրկել առավելագույնը 10 մասնակցի։
Բոլոր ցանկացողները գրանցվում են՝ նաև հետագայում կազմակերպվելիք դասընթացներին մասնակցելու համար։ Գրանցվածների թվում են ինչպես մանկավարժներ, ինժեներներ, այնպես էլ բժշկական անձնակազմի ներկայացուցիչներ, այլ մասնագետներ, ինչը միանշանակ խոսում է դասընթացի կարևորության և առկա պահանջարկի մասին»,- նշում է «Ռոստելեկոմ» Հայաստանի ներկայացուցիչ Սիրանուշ Գյուրջինյանը։
Դասընթացի նպատակն է աջակցել միջին և բարձր (50+) տարիքի անձանց շրջանում համակարգչից և համացանցից օգտվելու հմտությունների զարգացմանը, նախագիծը հատուկ մշակում է անցել և հեշտությամբ յուրացվում է թիրախային խմբի կողմից։ Ընդհանուր տևողությունը 12 դասաժամ է, խմբում ընդգրկված են 50+ տարիքի տասը մասնակիցներ։
Հայախոս լսարանի համար դասընթացն առաջին անգամ իրականացվում է Ամասիայում և Ալավերդիում։ 2015-2016թթ․ ծրագիրն իրականացվել է Հայաստանում Ռուսաստանի մշակույթի և գիտության կենտրոնի (Россотрудничество) հետ համատեղ Վ․Պլեխանովի անվան համալսարանի երևանյան մասնաճյուղի համակարգչային լսարաններում, դասավանդել են բուհի ուսանող-կամավորները, և մասնակցել են հիմնականում ռուսախոս տարեցներ։
Այժմ արդեն ձեռնարկը թարգմանվել է հայերեն լեզվով և նախագիծն ընդլայնել է շահառուների շրջանակը՝ ընդգրկելով բոլոր 50+ բնակիչներին, ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում։