Իրադարձություններ
ՄՐՑՈՒՅԹ ՄԻՋԻՆ ՏԱՐԻՔԻ (50+) ԻՆՏԵՐՆԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ․ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2016Թ․ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ
«Ռոստելեկոմը» Հայաստանում արդեն երկրորդ անգամ անց է կացնում «Շնորհակալություն Ինտերնետին 2016» մրցույթ՝ նախատեսված միայն ավագ սերնդի ինտերնետ օգտագործողների համար։
Համակարգչային գրագիտության վերաբերյալ բնակչության անհատական ձեռքբերումները բնութագրող ինտերակտիվ այս մրցույթը առաջին անգամ Հայաստանում անցկացվել է 2015 թվականին: Ռուսաստանյան կազմակերպիչների որոշմամբ Հայաստանը դարձավ առաջին երկիրը, ուր տեղի բնակչությանը հնարավորություն ընձեռվեց մասնակցելու ռուսալեզու մրցույթին: 2015թ արդյունքներով հայաստանյան երեք մասնակիցներ ստացան մրցանակներ՝ պլանշետներ։
2016թ․ մրցույթին մասնակցության հայտ կարող են լրացնել ավագ սերնդի ներկայացուցիչները (50+), ովքեր սովորել են օգտվել համակարգչից և ինտերնետից ինքնուրույն կամ հատուկ դասընթացների մասնակցության արդյունքում։
Հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել կայքի՝ www.azbukainterneta.ru «Մրցույթ»/«Конкурс» բաժին և լրացնել ձևաթուղթը, ներբեռնելով փոքրիկ շարադրություն (էսսե), ինչպես նաև երկու լուսանկար, որոնցից մեկը համակարգչի դիմաց նստած։
«Մրցույթի շրջանակներում համակարգչային դասընթացների նկատմամբ մեծահասակների հետաքրքրվածությունը վկայում է մրցույթի կայացման և հաջողված լինելու մասին։ Մեր օրերում նոր տեխնոլոգիաներն ու ինտերնետ ռեսուրսները հետաքրքրում են ոչ միայն երիտասարդներին, այլ նաև միջին տարիքի բնակչությանը։ Եվ գովելի է, որ այսօր նրանցից շատերը ակտիվ օգտագործողներ են սոցիալական կայքերում, ինտերնետի միջոցով հաջողությամբ հետևում են նաև տեղեկատվական հոսքերին։ Այս գործընթացին անմասն չի մնում «Ռոստելեկոմ» ընկերությունը։ Կոչ ենք անում ավագ սերնդի օգտագործողներին այս տարի ևս գրանցվել և մասնակցել մրցույթին։ Յուրաքանչյուրի համար նախատեսված են մրցանակներ և անակնկալներ։», - նշեց «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, «Ռոստելեկոմ» Հայաստան, գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Մասնակցության հայտեր ներկայացնելու վերջնաժամկետն է 2016թ. հոկտեմբերի 1-ը։
Մրցույթի կազմակերպիչներն են «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն և «Ռուսաստանի կենսաթոշակային հիմնադրամը»: