Իրադարձություններ
«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄԻՋԻՆ ՏԱՐԻՔԻ (50+) ԻՆՏԵՐՆԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ
«Ռոստելեկոմը» Հայաստանում անց է կացնում «Շնորհակալություն Ինտերնետին 2015» մրցույթ հատուկ ավագ սերնդի ինտերնետ օգտագործողների համար։
Համակարգչային գրագիտության վերաբերյալ բնակչության անհատական ձեռքբերումները բնութագրող ինտերակտիվ այս մրցույթը Ռուսաստանից բացի առաջին անգամ անց է կացվում Հայաստանում: Կազմակերպիչների որոշմամբ Հայաստանը դարձավ առաջին երկիրը, ուր տեղի բնակչությանը հնարավորություն ընձեռվեց մասնակցելու ռուսալեզու մրցույթին:
Մասնակցել կարող են ավագ սերնդի ներկայացուցիչները (50+), ովքեր սովորել են օգտվել համակարգչից և ինտերնետից ինքնուրույն կամ հատուկ դասընթացների մասնակցության արդյունքում։
Մրցույթին մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել կայքի՝ www.azbukainterneta.ru «Մրցույթ»/«Конкурс» բաժին և լրացնել ձևաթուղթը, ներբեռնելով էսսե (փոքրիկ շարադրություն), ինչպես նաև երկու լուսանկար (լուսանկար և համակարգչի տեսախցիկի օգնությամբ արված նկար):
Աշխատանքներն ընդունվում են երկու անվանակարգերում՝ «Ինտերնետ՝ իմ ընկեր և օգնական» և «Վիրտուալ շփում»:
«Մեր օրերում նոր տեխնոլոգիաներն ու ինտերնետ ռեսուրսները հետաքրքրում են ոչ միայն երիտասարդներին, այլ նաև միջին տարիքի բնակչությանը։ Նրանցից շատերը ակտիվ օգտագողծողներ են սոցիալական կայքերում, ինտերնետի միջոցով հաջողությամբ հետևում են նաև տեղեկատվական հոսքերին։ Կոչ ենք անում ավագ սերնդի օգտագործողներին գրանցվել և մասնակցել մրցույթին։ Յուրաքանչյուրի համար նախատեսված են մրցանակներ և անակնկալներ։ Սպասում ենք Ձեր պատմություններին»,— նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի հանրային կապերի բաժնի ղեկավար Սիրանուշ Գյուրջինյանը։
Մրցույթին աշխատանքներ ներկայացնելու վերջնաժամկետն է 2015թ. հոկտեմբերի 1-ը։ Հայաստանյան հաղթողների պարգևատրումը նախատեսված է իրականացնել նոյեմբերի սկզբին անցկացվելիք բաց դասերի շրջանակներում:
Մրցույթի կազմակերպիչներն են «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն և «Ռուսաստանի կենսաթոշակային հիմնադրամը»: