Իրադարձություններ
«АЗБУКА ИНТЕРНЕТА» ՁԵՌՆԱՐԿԸ ԱՅՍՈՒՀԵՏ ՀԱՍԱՆԵԼԻ Է ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ
«Ռոստելեկոմի» կողմից Հայաստանում անցկացվող միջոցառումների շրջանակներում «Азбука Интернета» ձեռնարկի խմբաքանակը պաշտոնական պայմաններում փոխանցվեց Հայաստանի Ազգային գրադարանի պահոց։
«Այս ուսումնական ձեռնարկը մեծ օգնություն է միջին տարիքի բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են օգտվել համակարգչից և Ինտերնետից։ Յուրաքանչյուրն ուղղակի ընթերցելով ձեռնարկում զետեղված նյութը հեշտությամբ «կընկերանա» համակարգչի հետ։ Շնորհիվ համակարգչային սրահի և ուսումնական նյութերի շատերն իրենց համար կբացահայտեն անսահման տեղեկատվության աղբյուրը՝ Ինտերնետը։»—նշեց ռուսաստանյան «Ռոստելեկոմ» ԲԲԸ ներկայացուցիչ Յուլիանա Սոկոլոնկոն։
Ռուսաստանի գիտության և մշակույթի երևանյան կենտրոնի ղեկավար Մարկ Կալինինը նույնպես կարևորեց ձեռնարկի առկայությունը Ազգային գրադարանից օգտվող միջին տարիքի բնակչության համար, որոնց թվում քիչ չեն նաև միջին և բարձր տարիքի գիտնականները։
«Азбука Интернета» ձեռնարկի մասին
«Азбука Интернета» նախագիծը հատուկ մշակված ամբողջական ծրագիր է միջին տարիքի բնակչության համար, որը մատչելի կերպով մատուցում է տեղեկատվություն նրանց համար օգտակար բոլոր կարևոր գործիքների, գործառույթների մասին։
Մասնավորապես, ձեռնարկում տեղ են գտել «Աշխատանք տեքստի հետ», «Աշխատանք Ինտերնետում», «Տեղեկատվության որոնում Ինտերնետում», «Անվտանգ Ինտերնետ», «Էլէկտրոնային ծառայություններ», «Պետական կառույցների կայքեր», «Առցանց գնումներ», «Առցանց շփում» բաժիններն ի թիվս այլ՝ ոչ պակաս կարևոր բաժինների՝ համակարգչային հմտությունների զարգացման վերաբերյալ։
Ձեռնարկը հայաստանյան լսարանի համար հատուկ մշակում է անցել և այստեղ ներկայացված են ինչպես հայկական պետական կառույցների կայքերն ու առցանց գործառույթները, կոմունալ ծառայություններ ներկայացնող ընկերությունները, այնպես էլ այլ կարևոր տեղեկատվական ռեսուրսներ։