Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ը ԵՎ ԱԼԱՇԿԵՐՏ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ


13.01.2021

«Ռոստելեկոմ» ընկերությունը աջակցում է հայկական ֆուտբոլի զարգացմանը՝ համագործակցելով Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում հանդես եկող Ալաշկերտ ֆուտբոլային ակումբի հետ։

Հայաստանի առաջնությունում և Հայաստանի գավաթի խաղերում հանդես գալու, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին մասնակցելու ընթացքում՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը հանդես կգա որպես Ալաշկերտ ՖԱ գլխավոր հովանավոր։ 

««Ռոստելեկոմ» ընկերությունը մեծապես կարևորում է հայկական ֆուտբոլի զարգացումը և ներկայացումը նաև միջազգային մրցասպարեզներում։ Ալաշկերտ ֆուտբոլային ակումբի հետ մեր այս համագործակցության մեկնարկը փաստում է այդ նպատակին ուղղված վճռական քայլերի շարունակականության մասին: Համոզված ենք՝ ընկերության կողմից տրամադրվող աջակցությունը ակումբի գործունեության մեջ էական դեր կունենա, և մոտ ապագայում ականատեսը կլինենք հայկական ֆուտբոլի նորանոր հաջողությունների»,֊ նշեց «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Շնորհակալ ենք «Ռոստելեկոմ» ընկերությանն այս կարևոր պահին մեր ակումբի և հայկական ֆուտբոլի կողքին կանգնելու համար: Վստահ ենք, որ համագործակցությունը շահավետ կլինի երկու կողմերի համար և կնպաստի նոր ձեռքբերումների ու հաղթանակների կայացմանը»,- նշել է «Ալաշկերտի» հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանը:

Ալաշկերտ ֆուտբոլային ակումբի՝ ընթացիկ առաջնություններում հանդիպումները հեռարձակվում են Արմենիա ԹիՎի և ԱԹԻՎԻ հեռուստաալիքների եթերում։  

Ալաշկերտ ՖԱ մասին

2011 թվականին Երևանում հիմնադրված «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը Հայաստանի եռակի չեմպիոն է, կրկնակի Սուպերգավաթակիր, Գավաթակիր և բրոնզե մեդալակիր:

2015-ից «Ալաշկերտը» Հայաստանը պատվով ներկայացնում է Եվրոպական ակումբային մրցաշարերում` Չեմպիոնների լիգայում և Եվրոպա լիգայում:

Ընթացիկ առաջնության առաջին հատվածից հետո «Ալաշկերտը» 18 միավորով կիսում է առաջին հորիզոնականը և կրկին պայքարում Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար: