Իրադարձություններ
ԹԱՆԳԱՐԱՆ-ՀԱՄԱՅՆՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԱՑՈՒՄ ԵՎ ՍՄԱՐԹ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԱՐՎԵՍՏՈՒՄ․ ՄԵԿՆԱՐԿԵՑ "ՌՈՒՍ ՆԿԱՐԻՉՆԵՐԸ ԵՎ ՓԱՐԻԶԸ" ՆԱԽԱԳԻԾԸ
Նոյեմբերի 5-ին Լոռու մարզի Դեբետ համայնքի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում մեկնարկեց "Ռուս նկարիչները և Փարիզը" կրթական ծրագիրը:
Ռուսական արվեստի թանգարանի նախաձեռնությամբ (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու), "Ռոստելեկոմ" Հայաստանի հովանավորությամբ և Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՔՈԱՖ) աջակցությամբ անցկացվող ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել թանգարան-համայնք համագործակցությունը, ինտերակտիվ դասախոսության և լինոգրավյուրայի (լինոփորագրություն) վարպետության դասի միջոցով մասնակից երեխաներին ծանոթացնել Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուի՝ համաշխարհային անուն ունեցող հեղինակների հետ, որոնք ապրել և ստեղծագործել են Փարիզում։ Նախագիծը նվիրված է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին:
Լինոգրավյուրայի վարպետության դասն անցկացվեց արվեստագետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից գործընթացի վերաբերյալ համառոտ նախաբանը ներկայացնելուց հետո։
Որպես ծրագրի երկրորդ փուլ՝ նախատեսվում է մասնակից երեխաների ճանաչողական այցը Երևանի Ռուսական արվեստի թանգարան:Նախագիծն իրականացվեց Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի նկարչության խմբակների սաների համար՝ ստեղծելով մի միջավայր, ուր յուրաքանչյուրը գտնում է իրեն հարազատ կտավն ու գույնը։
Ծրագրային նմանօրինակ համագործակցությունն ու ձևաչափը նպատակ ունի դպրոցահասակ երեխաների շրջանում հետաքրքրություն առաջացնելու թանգարանային մշակույթի նկատմամբ, սովորեցնելու ձեռքի աշխատանքի նրբություններն ու արվեստի գործերը սեփական ձեռքերով վերարտադրելու հնարավորություն ընձեռելու։
Հայաստանի մանուկներ հիմնադրամ (COAF)
Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով:
Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները:
Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 44 համայնքների քավելի քան 75,000 բնակիչները:
2015թ. սկսած՝ COAF-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ–ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ–ը դարձել է զարգացման օրինակելի մոդել և նախատեսվում է կրկնօրինակել Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
Առաջին ՍՄԱՐԹ կենտրոնը բացվել է Լոռու մարզում՝ ծառայելու տեղի շուրջ 150,000 բնակիչներին։
Երևանի Ռուսական արվեստի թանգարան (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)
Գործում է մայրաքաղաքում (հասցե՝ Իսահակյան 38, Կասկադի հարևանությամբ) արդեն շուրջ 30 տարի, այցելուին է ներկայացնում 19-րդ դարավերջի-20-րդ դարասկզբի ռուսական կերպարվեստի՝ (գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ-կիրառական և թատերական ձևավորման արվեստ) համաշխարհային նշանակության, գեղարվեստական և պատմական մեծ արժեք ունեցող ընտրանի:
Թանգարանի աշխատակազմի կողմից մշակվել են այնպիսի կրթական ծրագրեր ինչպիսիք են "Իմ տունն իմ ամրոցն է", "Տարվա եղանակները", "Կենդանաբանական այգի", "Կռահիր նկարը", "Արվեստ. տեսակներ, ժանրեր, տեխնիկաներ", անց են կացվում 2015թ․-ից, մեծ հետաքրքրություն և պահանջարկ են վայելում։ Ծրագրերի շնորհիվ թանգարանը հյուրընկալում է ամսական շուրջ 350 դպրոցահասակ և նախադպրոցական հաստատությունների երեխաների։
Թանգարանում ցուցադրված են այնպիսի նկարիչների ստեղծագործություններ, ինչպիսիք են Կ. Կորովինը, Վ. Սերովը, Մ. Վրուբելը, Մ. Նեստերովը, Ա. Բենուան, Զ. Սերեբրյակովան, Բ. Կուստոդիևը, Ա. Գոլովինը, Ե. Լանսերեն, Մ. Վոլոշինը, Կ.Պետրով- Վոդկինը, Ն. Ռերիխը, Ռ. Ֆալկը, Պ. Կոնչալովսկին, Մ. Սարյանը, Պ. Կուզնեցովը, Ա. Լենտուլովը, Ս. Սուդեյկինը, Ա. Տիշլերը և ուրիշները:
Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) Երևանում հիմնադրվել է պրոֆ. Արամ Աբրահամյանի մասնավոր հավաքածուի հիման վրա: Այս նվիրատվությունը իր պատմական հայրենիքին՝ Հայաստանին, Ա. Աբրահամյանի հայրենասիրության մեծագույն դրսևորում էր: