Իրադարձություններ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ «INSPIRED BY HER ACADEMY» ՆԱԽԱԳԻԾՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԳՈՐԾԸՆԿԵՐ՝ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ՀԱՅԱՍՏԱՆ
2018թ․ օգոստոսի 3-ին առաջին անգամ Հայաստանում մեկնարկեց «Inspired by Her (IBH) Academy» նախագիծը Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC)։ Հայաստանում նախագծի իրագործմանն աջակցում է «Ռոստելեկոմ» ընկերությունը։
«Inspired by Her Academy»-ն եռամսյա ինտենսիվ կրթական և սկսնակ ձեռներեցությանն աջակցող նախագիծ է՝ ուղղված ընդլայնելու նախաձեռնող կանանց շրջանակը և նրանց սովորեցնելու գաղափարի ծագումից մինչ իրագործում ողջ շղթայի նրբությունները:Այս յուրահատուկ մոտեցման շնորհիվ, ակադեմիան հնարավորություն է ընձեռում կանանց՝ ձեռք բերելու ինքնավստահություն, ստանալու պրակտիկ գործիքներ և զարգացնելու կառավարման հմտությունները: Նախագծի ողջ ընթացքում ուսանողներին դասավանդելու և առաջնորդելու են միջազգային և հայաստանյան կայացած մասնագետներ՝ հնարավորություն տալով հանդես գալու սեփական նախաձեռնություններով և հետագայում իրենց հաջողություններով դառնալու ոգեշնչման աղբյուր շրջապատող մարդկանց համար։
Ծրագրի պաշտոնական մեկնարկին մասնակիցներին առցանց ողջունեց IBH նախագծի ղեկավար Օլգա Կեգորեանը և հաջողություններ մաղթեց բոլորին։ Մասնակից երիտասարդներին ողջունեց նաև «Ռոստելեկոմ» Հայաստանի ներկայացուցիչ Սիրանուշ Գյուրջինյանը, ով խոսեց նմանօրինակ նախագծերի մասնակցության կարևորությունից յուրաքանչյուր երիտասարդի կամ ուսանողի համար, ինչպես նաև նախագծի հայաստանյան ղեկավար Վեներա Առաքելյանը ներկայացրեց նախագծի շրջանակներում մասնակիցների անելինքներն ու ծրագրերը։ Նախագիծը հյուրընկալած ISTC կենտրոնի կրթական ծրագրերի համակարգող Իննա Ամիրխանյանը ևս բարի երթ մաղթեց մասնակիցներին։
Ծրագիրը բաղկացած է երեք փուլից՝
- Առաջին փուլում մասնակիցները ձեռք են բերում տարատեսակ գիտելիքներ ու հմտություններ փորձառու մասնագետներից ամենատարբեր թեմաների շուրջ՝ մարքեթինգ, մենեջմենթ, հաղորդակցության հմտություններ, անձնային աճ, սոցիալական ձեռներեցություն և այլն։ Փուլի ավարտին մասնակիցները խմբերի են բաժանվում ընդհանուր գաղափարների շուրջ և սկսում աշխատել թիմերով։
- Երկրորդ փուլը մենթորային ծրագիրն է․ մասնակիցները իրենց գաղափարը վերածում են ծրագրի և սկսում են իրականացման նախագծումը։
- Երրորդ փուլում արդեն ծրագիրը ներկայացվում է ժյուրիին։ Ընտրվելու է լավագույն ծրագիրը և լավագույն մասնակիցը։ Ծրագիրը կեզրափակվի ավարտական երեկույթով՝ միավորելով բոլոր շահառուներին: Լավագույն շրջանավարտին հնարավորություն կընդձեռվի մասնակցելու միջազգային փոխանակման ծրագրի արտերկրում` 6 շաբաթ ապրելու, սովորելու և աշխատանքային փորձ ձեռք բերելու սեփական միջավայրից դուրս։ Փոխանակման ծրագրի համար կտրամադրվի ամբողջական ֆինանսական աջակցություն։
Հայաստանում նախագիծը տևելու է երեք ամիս և ավարտին հանրությանը կներկայացվի հաղթող մասնակցի անունը։
Նշենք նաև, որ օգոստոսի 1-ից նախագիծը զուգահեռաբար մեկնարկել է նաև Պակիստանում՝ գրեթե նույն ծրագրով։
«Inspired by Her Academy»-ի մասին
«Inspired by Her»-ի նախագծի գաղափարը ծագել է 2014թ․ Աֆղանստանում, երբ աշխարհում ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝ AIESEC-ը Աֆղանստանի ներկայացուցչությունում իր պատմության մեջ առաջին անգամ ընտրեց այլազգի և կին նախագահ՝ Օլգա Կեգորեանին։ Դա եզակի իրադարձություն էր, որը պատմություն կերտեց։ Առաջադրված չորս թեկնածուների (որոնցից երեքը՝ տեղի բնակիչներ և տղամարդիկ) ընտրվեց երիտասարդ մոլդովացի աղջիկ, ով պետք է առաջնորդեր երիտասարդներին միջազգային կառույցի նախագծերի իրագործման ընթացքում։ Նրա պատմությունը շատերին ոգեշնչեց, չնայած ոմանք թերահավատորեն էին մոտենում այն փաստին, որ օտարազգի և կին առաջնորդը կարող է ավելին անել կազմակերպության և երկրի համար, քան տեղացին։
IBH-ը Օլգա Կեգորեանի գաղափարներից մեկն է, որը նա առաջարկեց AIESEC կազմակերպությանը, և առաջին ծրագիրը անցկացվեց նրա ղեկավարության ժամանակ։ Այն համախմբեց 200 աղջիկների, և նախաձեռնության վերաբերյալ դրական արձագանքը, փաստեց այն մասին, որ IBH Academy-ին հաջողվեց՝ փոխելով հարյուրավոր աղջիկների կյանքեր։
Այսօր Inspired By Her-ը ավելին է, քանի իր առաջին թողարկման ժամանակ։ Այն ներկայանում է որպես անկախ և միջազգային կազմակերպություն, որը լայնորեն տարածվում է ամբողջ աշխարհում։
2017 թվականին IBH-ը նոր ձևաչափով և ավելի զարգացած գաղափարով առաջին անգամ հաջողությամբ մեկնարկեց Լահորում, Պակիստան։