Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ը WiFi ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ Է ԱՊԱՀՈՎՈՒՄ «ՆՈՐՔ» ԻՆՖԵԿՑԻՈՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ


15.04.2020

«Ռոստելեկոմ» ընկերությունը շարունակում է աջակցություն ցուցաբերել կարանտինային վայրերին և բուժհաստատություններին՝ տրամադրելով որակյալ և հուսալի ինտերնետ հասանելիություն:


Այսուհետ «Ռոստելեկոմ»-ը WiFi հասանելիություն կապահովի նաև «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, ինչպես նաև նրան կից նորակառույց մոդուլային մասնաշենքում՝ հնարավորություն ընձեռելով հաճելի և հետաքրքիր դարձնելու ժամանցը մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների և բուժանձնակազմի համար:

«Ռոստելեկոմ»-ի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի համաֆինանսավորմամբ՝ հիվանդանոցի, ինչպես նաև նոր մոդուլային շինության համար հաշված օրերի ընթացքում կառուցվել է ցանց, ինչի շնորհիվ «Ռոստելեկոմ» ընկերությունը հիվանդանոցի բոլոր հիվանդասենյակներում ապահովել է բարձրորակ WiFi հասանելիություն:

Հատկանշական է, որ ընկերությունը նաև անվճար բարձրացրել է ինտերնետի թողունակությունը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ու նոր մոդուլային շենքի տարածքում՝ երաշխավորելով որակյալ ու անխափան կապի ապահովումն այստեղ:
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մասնաշենքերում ինտերնետ ցանցի կառուցման աշխատանքներին աջակցել է Q Group ընկերությունը:

Հիշեցնենք, որ կարանտինային մեկուսացման առաջին իսկ օրվանից ընկերությունը անվճար ինտերնետ հասանելիություն է ապահովում Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում: Հետագայում «Ռոստելեկոմ»-ը անվճար բարձրացրել է ինտերնետի թողունակությունը թե՛ «Գոլդեն Փելիս» հյուրանոցում, թե՛ այլ կարանտինային վայրերում, այդ թվում Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում (Սպորտ բազա):
«Ռոստելեկոմ» ընկերությունը արտակարգ դրության ամբողջ ընթացքում շարունակական միջոցառումներ է ձեռնարկում՝ քաղաքացիներին որակյալ ինտերնետ կապով և հեռահար աշխատանքի համար լրացուցիչ ծառայություններով ապահովելու համար: Առավել մանրամասն տեղեկատվություն տեղադրված է ընկերության պաշտոնական կայքում (www.rtarmenia.am/news/category/news) և պաշտոնական ֆեյսբուքյան էջում (https://www.facebook.com/rtarmenia/):