Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ը ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ ՎԵՑԵՐՈՐԴ STARTUP BOOST WEEKEND-Ի ՀԱՂԹՈՂ ԹԻՄԵՐԻՆ


24.09.2019

Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում սեպտեմբերի 20-22-ն անցկացվեց Startup Boost Weekend Vol_6 միջոցառումը, որը միավորել էր շուրջ 120 ուսանողների։

Միջոցառման բացմանը մասնակցում էին ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը, «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ներկայացուցիչ Նունե Քոչինյանը, Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը։

«Ստարտափ էկոհամակարգի զարգացման հիմքը երիտասարդության, մասնավորապես ուսանողների շրջանում ստեղծագործ ու նորարար մտածողության ձևավորումն է, ստարտափի՝ գաղափարից իրագործում փուլերի գիտակցումն ու կիրառումը։ Այս եռօրյա 

միջոցառումը ևս մեկ հնարավորություն է ընձեռում ուսանողներին շփվելու միմյանց հետ, թիմեր ձևավորելու, համախմբվելու մեկ գաղափարի շուրջ, և ինչը շատ կարևոր է՝ լսելու և կապեր հաստատելու փորձառու մենթորների հետ։ Որպես արդյունք նրանք նաև սովորում են իրենց գաղափարը շահեկան ու գրավիչ ներկայացնել։ Տեխնոլոգիաները առաջ են շարժվում և այսօր այստեղ, միավորելով ուսանողների թվով 7 համալսարաններից, «Ռոստելեկոմ»-ն իր ներդրումն է ունենում ապագա ստարտափերի ձևավորման և զարգացման գործում։ Մենք 

ունենք բավական առաջադեմ երիտասարդություն, որի աջակցությանն ուղղված լավագույն նախագծերից է Ստարտափ բուսթ վիքենդը (Startup Boost Weekend)։ Արդեն երրորդ անգամ «Ռոստելեկոմ»-ն աջակցում է ուսանողների համար նախատեսված այս նախագծին՝ համոզվելով, որ հաղթող թիմերը հետագայում մեծ հաջողություններ են գրանցում»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։


Startup Boost Weekend Vol_6-ը եռօրյա միջոցառում է՝ միտված ձեռնարկատիրական մտածելակերպի տարածման խթանմանն ուսանողների շրջանում: Միջոցառման երեք օրերի ընթացքում տարբեր համալսարանների ուսանողներ հնարավորություն ունեցան աշխատելու միասին, կազմավորելու թիմեր, գեներացնելու գաղափարներ և փորձեցին իրականացնել դրանք՝ Startup մշակույթին ինտեգրվելու միջոցով: Մասնակիցները հնարավորություն ստացան հանդիպելու և աշխատելու փորձառու մենթորների, ձեռներեցների և ներդրողների հետ, լսելի դարձնելու իրենց գաղափարները՝ դրանք ներկայացնելով փորձառու ժյուրիին։

«Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը օժանդակում է Startup Boost Weekends միջոցառմանը դրա մեկնարկից ի վեր, արդեն վեցերորդ անգամ, քանի որ ստարտափերի և նորարարական գաղափարների զարգացումը ծրագրի նպատակներից մեկն է: Կարծում ենք, որ այս միջոցառումը երիտասարդ ուսանողների համար հրաշալի մեկնարկային հարթակ է՝ ստարտափերի հետաքրքիր էկոհամակարգ մուտք գործելու և զարգանալու համար»,—նշեց ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հաղորդակցության գծով պատասխանատու Նունե Քոչինյանը։

Երեք օրերի արդյունքում ձևավորվեցին 8 թիմեր, որոնք երրորդ օրվա ավարտին ներկայացրին իրենց գաղափարները ժյուրիին։ Հաղթող թիմերն էին՝

1-ին մրցանակակիրը reTrend.me (ռիտրենդ մի) հարթակն էր, որը խթանում է հագուստի վերամշակման գործընթացը։ Նպատակն է ստեղծել վերամշակված հագուստի բրենդ՝ արտադրված Հայաստանում։


2-րդ մրցանակակիրը DearWine (դիըր վայն) օնլայն հարթակն էր, որը կապում է գինու սիրահարներին տեղի արտադրողների հետ՝ հնարավորություն ընձեռելով գնելու գինի անմիջապես արտադրողից։

3-րդ մրցանակակիր Yndunvel.am (ընդունվել եմ) հարթակը նախատեսված է ուսանողների և կրկնուսույցների միջև կապի ստեղծման համար։ Ունենալով լավ կրկնուսույցների կենտրնացված բազա՝ հարթակը դիմորդներին հնարավորություն է ընձեռում հեշտությամբ գտնելու իրենց հարմար կրկնուսույց։

«Ռոստելեկոմ» Հայաստանի կողմից Startup Boost Weekend Vol_6-ի մրցանակներ ստացան 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը՝ համապատասխանաբար՝ 500, 350 և 200 եվրոյին համարժեք գումարի չափով։ Բացի այդ մի շարք ստարտափների տրամադրվեց ՏՀՏ ոլորտին և իրենց իսկ զարգացմանը նպաստող գրականություն։

Startup Boost Weekend Vol_6 միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում «Քաթըլիսթ» բարձր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հիմնադրամը՝ Ռոստելեկոմ Հայաստանի, Երևանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի, «Բրիջ» ստարտափի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների ինովացիոն ինկուբատորի և Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ:

***

 

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի մասին

 

Եվրոպական միության ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնությունը հովանոցային նախաձեռնություն է, որը ներառում է ՓՄՁ աջակցությանն ուղղված ԵՄ-ի կողմից իրականացվող բոլոր գործողությունները Արևելյան գործընկերության երկրներում:


Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության ԵՄ-ն՝ բիզնեսի համար և ԵՄ-ն՝ նորարարության համար նախաձեռնությունների մաս:

Ծրագրի նպատակն է բարելավել երկրի գործարար ու ներդրումային  միջավայրը և աջակցել փոքր և  միջին ձեռներեցության (ՓՄՁ) ստեղծմանը և զարգացմանը՝ խթանելով  ընդգրկուն աճ Հայաստանում:  Այս համատեքստում ծրագիրը նպատակաուղղված է ՓՄՁ քաղաքականությունների գործընթացների, բիզնես ասոցիացիաների և տնտեսական կլաստերների հզորացմաը: Ավելին, ծրագիրը աջակցում է   նորարարությանն ուղղված տարբեր ձեռնարկությունների և օգնում է մեծացնել գործող ՓՄՁ-ների մրցունակությունը՝ նորարարական պրոդուկտների, ինչպես նաև տեղական և համաշխարհային շուկաների համար ծառայությունների մշակման ու ձևավորման նպատակով ֆինանսական և տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով։ Ծրագիրը նպատակ է հետապնդում խթանել տեխնոլոգիաների յուրացման տեմպը, տեխնոլոգիաների փոխանցումը, նորարարությունը, գիտահետազոտական արդյունքների առևտրայնացումը, ինչպես նաև խրախուսել գիտահետազոտական կենտրոնների և ՓՄՁ-ների միջև համագործակցությունը։