Իրադարձություններ
«ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ՆԱԽԱԳԻԾՆ ԱՐԴԵՆ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ավարտվեց «Նոր հնարավորություններ ուսանողների համար» «Ռոստելեկոմի» նախագիծը, որը միավորել էր 7 բուհերի (Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ), Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան (ԵՊԼՀ), Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱԱՀ), Հայսատանում ֆրանսիական համալսարան (ՀՖՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ)) 20 ուսանողների։ Նրանք, անկախ մասնագիտությունից, հնարավորություն էին ստացել մասնակցելու մեկ ամիս տևողությամբ ինտերակտիվ ուսուցմանը անմիջապես ընկերության աշխատակիցների մասնակցությամբ։
Գործնական սեմինարների միջոցով ուսանողները ծանոթացան ընկերության ստորաբաժանումների գործունեությանն ու աշխատանքի նրբություններին, անցան ինտերակտիվ ուսուցում ամենատարբեր թեմաներով՝ սկսած հաղորդակցությունից, մարքեթինգից, բրենդինգից, իրավական հարցերից, վաճառքների հմտություններից մինչև օպտիկա և ցանցային լուծումներ, առաջարկներ ներկայացրին «Ռոստելեկոմի» գործունեության տարբեր ուղղությունների վերաբերյալ, մասնակցեցին մի շարք թիմային մրցույթների, ձեռք բերեցին նոր ընկերներ ինչպես ծրագրի մասնակիցների, այնպես էլ հայաստանյան «Ռոստելեկոմի» անձնակազմի շրջանում:
Հուլիսի 19-ին ամփոփվեցին արդյունքներն ու մրցութային փուլում հաղթող ճանաչված մասնակցին առաջարկվեց եռամսյա վարձատրվող ուսուցում անցնել «Ռոստելեկոմի»՝ իր իսկ նախընտրած բաժնում, իսկ ուսուցման ընթացքում դրական արդյունքներ արձանագրելու դեպքում համալրել ընկերության անձնակազմի շարքերը: Ամփոփիչ հանդիպմանը մասնակիցներին հավաստագրեր շնորհվեցին։
«Իմ խորին համոզմամբ ուսանողներից են ձևավորվում բարձրակարգ կադրերն ու անձնակազմը, իսկ բանիմաց դառնում են փորձառության և գործնական գիտելիքների միջոցով։ Մեր նախագծի շնորհիվ ուսանողները ձեռք են բերում ինքնավստահություն, պատկերացում են կազմում գրասենյակային և խոշոր ընկերություններում աշխատանքի մասին, ինչը, համոզված եմ, նրանց հետագա աշխատանքում շատ կիրառելի կլինի։ Հատկանշական է, որ նախորդ տարվա մասնակիցներից արդեն իսկ 5 ուսանողներ աշխատանքի են անցել հայաստանյան «Ռոստելեկոմի» ամենատարբեր ստորաբաժանումներում»,— նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Բացի այդ, ստեղծագործ մտածողությամբ, ճկունությամբ, թիմային ոգով, գիտելիքներով, արագ կողմնորոշվելու ունակությամբ աչքի ընկած ուսանողներներից շատերին ևս ընձեռվեց հնարավորություն միանալու «Ռոստելեկոմի» անձնակազմին։
Նախագծին կարող էին մասնակցել ուսանողներ ՀՀ բոլոր բուհերի բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսերից, ինչպես նաև մագիստրատուրայից: Ծրագիրը Հայաստանում իրականացվում է երկրորդ անգամ, և ընտրությունն իրականացվում է մասնակցել ցանկացող մեծաթիվ ուսանողների շրջանում։