Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


ԹՈՒՄՈՅԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ» ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԱԵՎ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻՑ


ԹՈՒՄՈՅԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ» ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԱԵՎ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻՑ
01.07.2016

ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն իրականացնում է Ամառային դպրոց, որի շրջանակներում երեխաները ոչ միայն ձեռք են բերում տարաբնույթ հմտություններ ու գիտելիքներ, այլ նաև շփվում ու կապեր են հաստատում արտերկրից ժամանած իրենց հասակակից մասնակիցների հետ:

2016թ. Ամառային դպրոցը մեկնարկեց հունիսի 20-ին և Խաչիկ գյուղից Ալբերտ և Արսեն Ենոքյանները հայաստանյան «Ռոստելեկոմի» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շնորհիվ հնարավորություն ստացան մասնակցելու և իրենց անվճար ուսումնական հանգիստն անցկացնելու ԹՈՒՄՈ կենտրոնում:

Մեկշաբաթյա ծրագրի շրջանակներում եղբայրները մասնակցեցին ԹՈՒՄՈ կենտրոնի Անիմացիայի և Վեբ ծրագրավորման դասընթացներին, խմբակից երեխաների հետ այցելություններ ունեցան հայաստանյան մշակութային կոթողներ, տեսարժան վայրեր, թանգարաններ, կենդանաբանական այգի, անցկացրին սպորտային խաղերով ու տարաբնույթ ծրագրերով հագեցած օրեր և ավարտին ներկայացրին սեփական տեխնոլոգիական և անիմացիոն նախագծերը:

Մասնավորապես, Համակարգչային անիմացիայի դասընթացների ընթացքում երեխաներն ուսումնասիրեցին, թե ինչպես 2D և 3D ձևաչափով կարող են ներկայացնել իրենց շուրջը եղած երևույթներն ու մարդկանց, կարճ պատմությունների ձևով ներկայացնեն իրենց գաղափարները՝ միաժամանակ օգտագործելով Adobe Flash և Animation Desk ծրագրերը:

Վեբ ծրագրավորման դասընթացների ժամանակ երեխաները սովորել են ձևավորել սեփական դինամիկ կայքը՝ օգտագործելով HTML5 և CSS3 ծրագրերը դիզայնի, իսկ Adobe Dreamweaver ծրագիրը՝ ինտերակտիվություն հաղորդելու համար:

Թումո ստեղծարար կենտրոնի ամառային դպրոցը հնարավորություն է տալիս ոչ միայն ընկղմվելու զուտ տեխնոլոգիական լուծումների մեջ, այլ նաև ազատություն է տալիս հետազոտությունների համար՝ ակտիվ շփում ապահովելով մշակույթի, սպորտի, ինչպես նաև հասակակիցների և տարբեր ոլորտների մասնագետների հետ:

Որպես արդյունք դպրոցի սաները ծրագրի ավարտին կազմում են պրեզենտացիաներ և ներկայացնում սեփական ստեղծարար գաղափարներն ու նորույթները:

Ամառը երեխաների համար հանդիսանում է ակտիվ հանգստի և հետազոտությունների շրջան, և մասնակցությունն ու տպավորությունները նմանօրինակ ծրագրերից անգնահատելի են նրանց համար:

«Ռոստելեկոմի» և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի համագործակցությունը հետագայում նույնպես շարունակական բնույթ է կրելու՝ ի նպաստ տեխնոլոգիապես կրթված և բազմակողմանի զարգացած երիտասարդության: