Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


IDeA հիմնադրամը շնորհակալագիր հանձնեց Ռոստելեկոմին՝ UWC Դիլիջան քոլեջին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար


10.03.2015

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը մարտի 3-ին շնորհակալագիր հանձնեց «Ռոստելեկոմ» խմբի նախագահ Սերգեյ Կալուգինին՝ UWC քոլեջին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար:

UWCՌոստելեկոմը 2014 թվականին անհատույց կերպով տվյալների փոխանցման օպտիկական գերարագ ցանց է ստեղծել UWC Դիլիջան քոլեջի համար և ստանձնել է ուսանողներին ու քոլեջի աշխատակազմին գերարագ ինտերնետով, հեռախոսային կապով և նոր սերնդի հեռուստատեսային ծառայություններով ապահովելու գործը:

Հեռահաղորդակցության ծառայությունների մատուցման հարցում աջակցությունն իրականացվում է Ռոստելեկոմի և Դիլիջանի քոլեջի համագործակացության ծրագրի շրջանակում: Տեխնիկական աջակցության շնորհիվ՝ քոլեջի ուսանողներին հնարավորություն է ընձեռվում հաջողությամբ յուրացնել International Baccalaureate (IB Diploma, միջազգային բակալավրիատ) երկամյա նախաբուհական ծրագիրը՝ օգտագործելով ամենաառաջատար կրթական տեխնոլոգիաներ:

«Ռոստելեկոմն աջակցություն է ցուցաբերում Հայաստանում իրականացվող գիտակրթական ծրագրերին՝ ներդնելով բարձր տեխնոլոգիական և նորարարական լուծումներ: Մենք ուրախ ենք, որ մեր օգնությամբ UWC Դիլիջան քոլեջի ուսանողներն ու աշխատակազմը կարող են օգտվել կրթական ոլորտի նորագույն տեխնոլոգիաներից»,-նշել է «Ռոստելեկոմ» խմբին պատկանող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

«Ռոստելեկոմի աջակցությունը մեզ համար շատ կարևոր է: Խնայված միջոցների շնորհիվ մենք կարող ենք դրամաշնորհներ տրամադրել շատ արժանի թեկնածուների՝ անկախ նրանց ընտանիքների ֆինանսական վիճակից: Ըստ էության, սա ներդրում է այսօրվա դրությամբ բացառիկ կրթության զարգացման գործում, որը ոչ միայն գերազանց գիտելիքներ է տալիս տարբեր գիտական առարկաների մասով, այլ փոխում է անհատին, երիտասարդներին դարձնում սոցիալապես պատասխանատու, պատրաստ միասին աշխատելու հանուն խաղաղ և կայուն ապագայի»,-ընդգծել է IDeA-ի համահիմնադիր,  UWC Դիլիջան քոլեջի կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը: