Իրադարձություններ
ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՏՈՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ. «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱՅԱՑԱՎ ՌՈԲՈՏՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՒԼԸ
2021թ hուլիսի 18-ին տեղի ունեցավ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (World Robot Olympiad, WRO) ազգային փուլը: Հայաստանում մրցույթն անցկացվում է «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ: Օլիմպիադայի ազգային փուլի անկացման կայուն հովանավորն է «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերությունը:
ՌՀՕ-ի այս տարվա թեման էր՝ «PowerBots – Էներգետիկայի ապագան»։ Թիմերի գլխավոր խնդիրը վերականգնվող էներգիայի օգտագործմանն ուղղված առաջադրանքների կատարումն էր։
ՌՀՕ 2021 ազգային փուլի հաղթողն է «ՖիզՄաթ»-ի թիմը։ Մրցույթի WeDo տարիքային խմբում հաղթող է ճանաչվել MindCenter We Do 1 թիմը, տարրական տարիքային խմբում՝ YeLo Robotics թիմը, կրտսեր տարիքային խմբում՝ MindCenter Junior թիմը և ավագ տարիքային խմբում՝ կրկին «Ֆիզմաթ»-ի թիմը։
Օլիմպիադայի հայաստանյան փուլին մասնակցում էր 17 թիմ։ Ազգային փուլի հաղթող թիմերը ստացան խրախուսական մրցանակներ, իսկ գլխավոր մրցանակն էր Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին մասնակցելու և մեր երկիրը ներկայացնելու հնարավորությունը:
«Ռոստելեկոմ» ընկերությունն իր մեծ ներդրումն ունի երեխաների շրջանում ռոբոտաշինության, ծրագրավորման և նախագծման զարգացման գործում: Ընկերությունն արդեն չորրորդ տարին է աջակցում է մրցաշարի անցկացմանը՝ հնարավորություններ ստեղծելով հայ երեխաների համար Հայաստանը միջազգային հարթակներում ներկայացնելու ուղղությամբ:
Առաջին անգամ միջազգային հեղինակավոր օլիմպիադային մասնակցելու հնարավորություն ունեցան նաև մարզային սկսնակ թիմեր, որոնք «Այբ» կրթական հիմնադրամի մեկ այլ՝ «Լեգոստարտ-2021» ռոբոտաշինական մրցույթի շնորհիվ որոշակի փորձ են ձեռք բերել և կարողացան մասնակցել ազգային փուլին։
Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան և «Լեգոստարտը» հավակնում են դառնալ կարևորագույն միասնական հարթակ, որտեղ կհամախմբվեն տեխնոլոգիական ընկերությունները, կրթական կենտրոններն ու ներդրողները մեկ միասնական գաղափարի շուրջ՝ վերարժևորելու գիտությունը և ստեղծելու զարգացման կայուն միջավայր։
«Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլն անցկացվում է Հայաստանում արդեն վեցերորդ անգամ, և մենք շատ ուրախ ենք, որ այն ավելի մեծ մասշտաբների է հասել ՝ նաև ի շնորհիվ մեր գործընկերների։ «Ռոստելեկոմ» Հայաստանն արդեն դարձել է մեր գաղափարական գործընկերը և մեզ հետ միասին առաջ է տանում ռոբոտաշինության շարժումը Հայաստանում։ Մեր երեխաներին այստեղ տեսնելով՝ հատկապես փոքրերին, հավատում ես, որ մեր երկրին հետաքրքիր տեխնոլոգիական ապագա է սպասվում»,-նշեց «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանը:
Այս տարի ՌՀՕ-ի հայաստանյան փուլը նոր ձևաչափ ուներ. մրցույթին զուգահեռ անցկացվեց նաև «Սոֆթբոտ» ռոբոտաշինական ցուցահանդեսը, որում ցուցադրվեցին հայկական առաջատար ընկերությունների ռոբոտաշինական վերջին ձեռքբերումները։
2016 թվականից «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում հանդիսանում է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (ՌՀՕ) (World Robot Olympiad, WRO) պաշտոնական երկայացուցիչն ու կազմակերպիչը: Օլիմպիադան խթանում է դպրոցներում ռոբոտաշինության, ծրագրավորման, ճարտարագիտության դասավանդումն ու ուսուցումը, միջազգային հեղինակավոր մրցույթներում ու օլիմպիադաներում հայ աշակերտների ներգրավումը: Մասնակցող թիմերը նախագծում ու կառուցում են ռոբոտի մոդել, որը պետք է կարողանա իրական կյանքում ծագող խնդիրներ լուծել։
Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի մասին
Արդեն 17 տարի է, ինչ ՌՀՕ-ն կառուցում է այս կրթական հարթակը։ Միջազգային առաջին մրցույթին, որ տեղի է ունեցել 2004 թ.-ին, մասնակցել է 4000 թիմ 12 երկրից։ Նախորդ տարի մրցույթում ներգրավվել է 75 000 մասնակից՝ 75-ից ավելի երկրից։ Հայաստանից հինգ տարվա ընթացքում օլիմպիադային արդեն մասնակցել է 160 դպրոցական, հայկական 6 թիմ մասնակցել է նաև միջազգային փուլին։
Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (World Robot Olympiad, WRO) նպատակը ողջ աշխարհի երեխաներին և երիտասարդներին ռոբոտաշինության գաղափարի շուրջ միավորելն է և նրանց ստեղծարարությունը, նախագծելու ու խնդիրներ լուծելու հմտությունները զարգացնելը։
Տեխնիկական տվյալներ մրցույթի մասին
Թիմում մասնակիցների նվազագույն թիվը 2-ն է, առավելագույնը՝ 3-ը։ Թիմը պետք է ունենա մարզիչ, որը պետք է լինի առնվազն 20 տարեկան։
Կարող են մասնակցել 6-19 տարեկան երեխաներն ու երիտասարդները։ Թիմերը կարող են մրցել տարբեր «կարգ»-երում (այս ընտրությունը կատարում են նախօրոք)․
• Սովորական մրցույթ
• «ՌՀՕ ֆուտբոլ» մրցույթ
• Բաց մրցույթ
• WeDo սովորական մրցույթ
Ինչպես է ընտրվում հաղթողը
Ռոբոտը երեք անգամ կատարում է առաջադրանքը։ Հաղթող է ճանաչվում առավելագույն միավոր հավաքած ռոբոտը։