Նորություններ

A+ A- PRINT_PAGE


ԵՊՀ-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԴԱՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՍՐԱՀ


ԵՊՀ-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԴԱՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՍՐԱՀ
09.02.2017

Փետրվարի 9-ին ԵՊՀ գրադարանի մասնաշենքի 5-րդ հարկում  տեղի ունեցավ մեծանուն գիտնական, գունավոր հեռուստատեսության հիմնադիր՝ Հովհաննես Ադամյանի անվան սրահի պաշտոնական բացման արարողությունը։

Սրահը վերանորոգվել ու կահավորվել է «Ռոստելեկոմ» ընկերության կողմից և նպատակ ունի ստեղծելու միջավայր, ուր բացի կազմակերպվելիք միջոցառումներից ու կոնֆերանսներից, ուսանողները կոգեշնչվեն մեծ գիտնականի գյուտով և ձեռքբերումներով։


Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, ռեկտորատի և ընկերության ներկայացուցիչներ, հյուրեր։
Օրվա ընտրությունը կարևորվում էր նրանով, որ փետրվարի 5-ը հայ անվանի  գյուտարար Հովհաննես Ադամյանի (1879-1932) ծննդյան օրն էր, ով երազել էր իր հայրենիքում ստեղծել և առաջին անգամ գործարկել գունավոր պատկերներ հեռարձակող սարք:

1925 թ. Երևանի համալսարանի հատուկ լաբորատորիայում է նա պատրաստել և աշխարհում առաջին անգամ գործարկված վիճակում ցուցադրել է «Հեռատես» եռագույն պատկերման սարքը։ Համանման համակարգ Եվրոպայում ներկայացվել է միայն երեք տարի անց։


Այսօր «Ռոստելեկոմը» Հայաստանում իր բոլոր բաժանորդներին տրամադրում է նորագույն տեխնոլոգիական լուծումներով հագեցած Սմարթ հեռուստատեության ծառայությունը, ինչը Հովհաննես Ադամյանի գյուտի մերօրյա զարգացումն է։


Շնորհիվ «Ռոստելեկոմի» Երևանի և մարզերի բնակիչները հնարավորություն ունեն դիտելու ամենապահանջված ալիքներն ու օգտվելու ժամանակակից հնարավորություններից հեռուստատեսության արդիական համակարգերիի շնորհիվ։ Նման հեռուստատեսային համակարգեր գործում են ավելի քան 20 երկրներում՝ ԱՄՆ-ում, Չինաստանում, Շվեյցարիայում, Բուլղարիայում, Բելառուսում, Սինգապուրում, Ինդոնեզիայում, ԱՊՀ և այլ երկրներում։


«Ռոստելեկոմի» և Երևանի պետական համալսարանի համագործակցությունը հետագայում շարունակական բնույթ է կրելու՝ նոր շունչ տալով համտեղ նախագծերի ու ծրագրերի իրագործման համար։

Հովհաննես Ադամյան


Հ. Ադամյանը ստացել է հեռուստատեսության և լուսահեռագրության բնագավառներում 21 արտոնագիր (Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Ռուսաստանում): Ռուսաստանում 1918 թվականին ստեղծել է առաջին սարքը, որը հաղորդում և ցուցադրում էր սև և սպիտակ պատկերներ (ստատիկ պատկերներ), ինչը մեծ նվաճում էր հեռուստատեսության զարգացման բնագավառում։

1945-1951 թվականներին ԱՄՆ-ի Կոլումբիա (CBS) ռադիոընկերությունը Նյու Յորքում կատարել է փորձնական ցուցադրում, իսկ 1951-1953 թվականներին Ադամյանի համակարգն ընդունվել է որպես կայուն համակարգ և օգտագործվել գունավոր պատկերներ ցուցադրելու համար։


1925 թ. Երևանի համալսարանում ստեղծված հատուկ լաբորատորիայում նա պատրաստել և գործողության մեջ աշխարհում առաջին անգամ ցուցադրել է «Հեռատես» եռագույն պատկերման սարքը։ Համանման համակարգ Եվրոպայում ներկայացվել է միայն երեք տարի անց։ Հ. Ադամյանն այդ տարիներին դասախոսել է Հայաստանի Մայր բուհում և իր գործունեությամբ կերտել համալսարանի պատմության ոսկե էջերից մեկը:


Մյունխենի, Ցյուրիխի և Բեռլինի համալսարաններում ուսանած Ադամյանը տիրապետում էր եվրոպական մի քանի լեզուների, տեխնիկական գիտություններին զուգընթաց ուսումնասիրում էր գեղանկարչություն և ճարտարապետություն: