Նորություններ
"ՌՈՍՏԵԼԵԿՈՄ" ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՁԱՆԱԿԱԶՄԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԱՐՅՈՒՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԿՑԻԱՅԻՆ
«Ռոստելեկոմ» Հայաստանի անձնակազմը հոկտեմբերի 26-ին մասնակցեց արյունատվության ակցիային և արյուն նվիրաբերեց ՀՀ առողջապահության նախարարության Արյունաբանական կենտրոնում։
Արյունաբանական կենտրոնում ախտորոշվում, բուժվում և դիսպանսեր հսկողության տակ են գտնվում այրան և լիմֆատիկ հանգույցների հիվանդություններով տառապող հիվանդները: Այստեղ գործում է նաև միջազգային չափանիշներին համապատասխանող ժամանակակից սարքավորումներով հագեցված Արյան բանկը, որը կոորդինացնում է ՀՀ Արյան ծառայության բոլոր ստորաբաժանումների աշխատանքները։
Արյան բանկը պատրաստում և տրամադրում է բաղադրամասեր ինչպես Արյունաբանական կենտրոնում բուժվող հիվանդների, այնպես էլ Երևան քաղաքի և մարզերի բուժհաստատություններին:
««Ռոստելեկոմ»-ի անձնակազմը, աջակիցը լինելով ամենատարբեր բարեգործական ծրագրերի, մեծապես կարևորում է մասնակցությունը նմանօրինակ մարդասիրական ակցիաներին։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ աշխատակիցների արձագանքը անսպասելի էր և գովելի։
Մեր մասնակցությունը նաև կոչ է երիտասարդներին և բոլոր նրանց, ովքեր հակացուցումներ չունեն, իրենց ներդրումն ունենալ արյան բանկի համալրման գործում՝ ի նպաստ մեր հասարակության առողջության։ Սա նվազագույնն է, որ մենք՝ որպես քաղաքացիներ կարող ենք իրականացնել արյան և մի շարք այլ հիվանդություններ ունեցող մեր հայրենակիցների համար,- նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Ներկայումս արյան փոխներարկումը լայնորեն կիրառվում է վիրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի, այրվածքաբանության, վերակենդանացման և արյունաբանության ոլորտներում: Հաճախ արյան բաղադրամասի ժամանակին իրականացված փոխներարկումը մարդկային կյանք է փրկում:
Արյան դոնորության վերաբերյալ հասարակության իրազեկումն ու տեղեկատվության տարածումը կարևորագույն գործիքներից են, որոնք նպաստում են դոնորության զարգացմանը Հայաստանում:
Տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը: Այսպես, եթե 2000-2001թթ. տարեկան իրականացվում էր մոտ 6000-7000, ապա 2016թ. կատարվել է մոտ 15 000 արյունատվություն: Սակայն կենտրոնը դեռ հավաքագրվող արյան քանակի ավելացման խնդիր ունի:
Կան արյունատվության հստակ հակացուցումներ:
Բոլոր դիմողները պարտադիր անցնում են հարցազրույց և բժշկական հետազոտում, և միայն արյունատվության հակացուցումների բացակայության դեպքում, թույլատրվում է արյունատվությունը:
Հայաստանում 2016թ. տվյալներով արյան դոնորների կազմում գերակշռում են փոխհատուցվող դոնորները` 44.9%, հիվանդի հարազատները` 45.9 %, մինչդեռ առավել անվտանգ խումբ են կազմում անհատույց կամավոր-դոնորները, որոնք Հայաստանում կազմում են 9.2%:
Վերջին տարիներին ՀՀ-ում նկատվում է անհատույց կամավոր դոնորների թվի աճ` 2002 թվի 0.5%-ից հասնելով 2016թ. 9.2 %-ի, սակայն այս ցուցանիշներով Հայաստանը դասվում է կամավոր անհատույց դոնորներից հավաքագրվող արյան ամենացածր ցուցանիշ ունեցող երկրների շարքին:
Ըստ միջազգային չափորոշիչների` արյան բաղադրամասերով և պատրաստուկներով երկրի պահանջարկի ինքնաապահովման համար անհրաժեշտ է, որ բնակչության առնվազն 2% դոնոր լինի: Հայաստանում այդ թիվը կազմում է 0.4%: Նշենք,որ զարգացած երկրներում բնակչության ավելի քան 20 % դոնոր է հանդիսանում, իսկ 62 երկրներ արյան իրենց պաշարի շուրջ 100%-ը հավաքագրում են կամավոր անհատույց դոնորներից:
ՀՀ առողջապահության նախարարության պրոֆեսոր Ռ․Օ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մասին առավել մանրամասներ ներկայացված են պաշտոնական կայքում՝ blood.am։