Նորություններ
«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ը ՄԻԱՑԵԼ է «ՆՈՐ ԷՋ» ՆԱԽԱԳԾԻՆ
«Ռոստելեկոմ» ընկերությունը, բարձր գնահատելով հայ զինվորի սխրանքը, շարունակում է հնարավոր բոլոր միջոցներով կանգնել հայոց բանակի և հայ զինվորի կողքին։
Ընկերությունը միացել է «Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիա»-ի նախաձեռնությամբ իրականացվող «Նոր էջ» նախագծին։ Այս քայլով ընկերությունն իր ներդրումն է բերում երիտասարդ զինվորների՝ լիարժեք կյանք վերադառնալու գործում։
«Ռոստելեկոմ» ընկերության բանիմաց և փորձառու մասնագետների օգնությամբ պատերազմի մասնակից երիտասարդ զինվորները կմասնագիտանան, ձեռք կբերեն ժամանակի պահանջներին համապատասխան հմտություններ ու գիտելիքներ և կանցնեն աշխատանքի։
«Մենք՝ որպես հեռահաղորդակցության ոլորտի առաջատար կազմակերպություն, միացել ենք «Նոր էջ» ծրագրին՝ հնարավորինս աջակցելու հայ երիտասարդ զինվորներին՝ երբեք ինքնավստահությունը չկորցնելու և հաստատակամ առաջ շարժվելու գործում։ Մենք պատրաստ ենք կանգնելու թիրախային խմբում գտնվող երիտասարդների կողքին՝ աշխատաշուկայում իրենց մրցունակությունը վերագտնելու ճանապարհին։ Բոլոր ընկերություններին հորդորում ենք միանալ այս հիանալի ծրագրին»,- նշեց «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Նոր էջ, նոր միջոցներ, նոր նպատակներ, միացե՛ք մեզ։
«Նոր էջ» նախագծի մասին
2021 թվականի հունվարին մեկնարկել է «Նոր Էջ» սոցիալական պատասխանատվության նախագիծը։ Վերջինս միտված է աջակցելու այն անձանց, ովքեր մասնակցել են մարտական գործողություններին և զորացրվել են:
Ծրագրի շրջանակում ներառվելու են 18-30 տարեկան շուրջ 1.000 երիտասարդներ, որոնց հետ անցկացվելու են մասնագիտական հարցազրույցներ։ Հիմնվելով ստացված արդյունքների վրա՝ կազմակերպվելու են մասնագիտական կողմնորոշման ծրագրեր, ուսուցման և զարգացման դասընթացներ:
«Նոր էջ» նախագիծը համագործակցելու է շուրջ 500 կազմակերպությունների և կառույցների հետ, որոնց պահանջներից ելնելով, կձևավորվեն և կիրականացվեն ուսուցման, զարգացման և ուղղորդման թիրախային ծրագրեր:
Նախագիծը նախաձեռնել և մշակել է «Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիա»-ն։