Նորություններ

A+ A- PRINT_PAGE


ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱՑՎԵՑ «ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ ԵՎ ՆՐԱ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ


ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱՑՎԵՑ «ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ ԵՎ ՆՐԱ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
25.09.2018

Սեպտեմբերի 23-ին Էրեբունի-Երևանի տոնակատարություններին ընդառաջ և «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում պաշտոնապես բացվեց «Ռուսական արվեստի թանգարանը և նրա  ճարտարապետական միջավայրը» խորագիրը կրող ցուցահանդեսը` նվիրված «Կասկադ» պուրակի  պատմությանը։ Ռուսական արվեստի թանգարանի այցելուների համար այն բաց կլինի մինչև հոկտեմբերի 1-ը։

Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեցին Ռուսական արվեստի թանգարանը շրջապատող ճարտարապետական  միջավայրի, Երևանի ամենագեղեցիկ վայրերից մեկի` «Կասկադի» պուրակի պատմությունը պատկերող 1960-1990-ական թվականների բացառիկ լուսանկարներ, ինչպես նաև շենքերի էսքիզներ և նախագծեր, որոնք մինչ այս երբևէ չեն ամփոփվել միասնական ցուցադրությունում։

Միջոցառումը նվիրված է Էրեբունի-Երևանի 2800-ամյակին և հոկտեմբեր ամսին նախատեսվում է կազմակերպել ցուցանմուշների նաև մարզային շրջիկ ցուցադրություններ։

«Ռուսական արվեստի թանգարանը, հավատարիմ մնալով իր ռազմավարությանը, համագործակցում է տարբեր թանգարանների և մասնավոր կառույցների հետ՝ հանրությանը ներկայանալով յուրահատուկ նախագծերով։ Այս ցուցադրությունը նման համագործակցություններից մեկն է և շնորհիվ բոլոր գործընկերների մեզ հաջողվեց ներկայացնել մեր քաղաքի ամենասիրված հատվածներից մեկի պատմությունն ու զարգացումը»,— նշեց Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը։

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու), Ալ. Թամանյանի անվ. ճարտարապետության ազգային  թանգարան-ինստիտուտը, Հայաստանի ազգային արխիվը  և «Մեդիամաքս» ընկերությունը։ «Ռոստելեկոմ»-ի ներդրումն ապահովեց նախագծի ցուցադրության իրականացումը։

«Սա յուրահատուկ նախաձեռնություն է և հնարավորություն է տալիս ցուցադրելու այնպիսի արխիվային նյութեր, որոնք մինչ այժմ հասանելի չեն եղել հանրությանը և որոնք ամբողջական ներկայացնում են մշակութային միջավայրի ձևավորումն ու զարգացումը մի քանի տասնամյակների ընթացքում։ «Ռոստելեկոմ»-ը կարևորում է նման նախագծերի իրականացումը, քանի որ դրանով իսկ հնարավորություն է ստեղծվում ևս մեկ անգամ խոսելու հայկական հարուստ մշակութային արժեքների մասին և ներկայացնելու ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա այցելուներին»,- նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի կոմերցիոն տնօրեն Վասիլի Ռուսակովը։

Ծրագրի շրջանակներում՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 17:00 կանցկացվի նաև «Ռուսական արվեստի թանգարանը և նրա ճարտարապետական միջավայրը» թեմայով, դասախոսություն, որը կվարի ճարտարապետության թեկնածու՝ Անուշ Տեր-Մինասյանը։

 «Ռուսական արվեստի թանգարանը և նրա ճարտարապետական միջավայրը»  ցուցադրության մասին

1960թ. Երևանի այսօր Կասկադ կոչվող հայտնի հատվածի բլրի վրա կառուցվեց արհեստական մի ջրվեժ, որի հեղինակն էր Վարդան Յուսանյանը: Ջրվեժի տակ տեղադրված խճանկարին պատկերված գունավոր ձկնիկները (խճանկարի հեղինակ՝ Դերենիկ Դանիելյան) երկար տարիներ երեխաների ու մեծերի կողմից  հիացմունքի  էին արժանանում: 1950 - ական թթ. վերջին և1960-ական թթ. սկզբին քաղաքի այդ հատվածը սկսվեց կառուցապավել բնակելի շենքերով:

Կառուցապատման և բնակելի շենքերի հեղինակներն էին Վարդան Հուսյանը և Հովհաննես Բաբաջանյանը, իսկ Թամանյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում տեղադրված շենքի հեղինակը դարձավ Մարգարիտ Հայրապետյանը: Այս շենքի առաջին հարկում էլ բացվեց Նորաձևությունների ատելիեն, որին 1980թ. փոխարինելու եկավ այսօր հանրահայտ Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու):

Կառուցապատման շնորհիվ ամբողջ տարածքը ձեռք բերեց պարփակված, միասնական տեսք. մեջտեղում պուրակ, երկու կողմերում՝ նույն հարկայնության և ընդհանուր ծավալատարածական հորինվածքով՝ դեղնավուն-նարնջագույն տուֆից կառուցված բնակելի շենքերի շարքեր: 1973թ. թաղամասը համալրվեց Ալեքսանդր Թամանյանի հուշարձանով (քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան, ճարտարապետ՝ Սեդա Պետրոսյան), որն իր նորարարական և տրամաբանական լուծումով ամբողջացրեց ողջ տարածքը:

1971թ. այդ տեղի համար ի հայտ եկավ մի նոր՝ խոշոր քաղաքաշինական նախագիծ, որի իրականացման արդյունքում բլուրը վերածվեց հզոր ճարտարապետական կառույցի, իսկ ամբողջ թաղամասը կոչվեց «Կասկադ»:

«Կասկադ» համալիրում արտահայտված գլխավոր խորհուրդն ազգային վերածծնդի գաղափարն է:

Այդ գաղափարի լավագույն արտահայտման համար այստեղ արվեստի տարբեր միջոցներ են կիրառված: Ճարտարապետներից բացի «Կասկադ» համալիրում հեղինակել են նաև քանդակագործներ Ա. Հովսեփյանը, Ա. Շիրազը, նկարիչ Գ. Խանջյանը:

1966 թ. բլրի գագաթին կառուցված «Վերածնված Հայաստան» հուշակոթողը, որն ունի 50 մետր բարձրություն և պսակված է Էրեբունիի խորհրդանիշը համարվող ոճավորված ոսկե տերևով: Հուշակոթողի հիմքում քանդակված է Հավերժության նշանը:

2009 թ. «Կասկադ» համալիրում բացվեց «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը։

 «Եվրոպական ժառանգության օրեր»

«Եվրոպական ժառանգության օրեր» համաեվրոպական ամենամյա ծրագիրն իրականացվում է Եվրոպական մշակութային կոնվենցիային /1954 թ./ միացած շուրջ 50 երկրներում:

Ծրագրի մտահղացման համար հիմք է հանդիսացել Ֆրանսիայում անցկացված «Պատմական հուշարձանների բաց դռների օր» միջոցառումը /1984 թ./:

Եվրոպայի խորհրդի կողմից ծրագիրը պաշտոնապես հաստատվել է 1991 թ.:

1999 թ. ծրագրին միացել է նաև Եվրամիությունը, որից հետո այն իրականացվում է «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսի ներքո:

Հայաստանի Հանրապետությունը «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին միացել է 2000 թվականին։ Այդ օրերն մշակութային կենտրոններն իրենց դռներն են բացում այցելուների առջև։