Նորություններ
«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ը ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ STARTUP BOOST WEEK Vol_7-Ի ՀԱՂԹՈՂ ԹԻՄԵՐԻՆ
2021թ․-ի ապրիլի 5-11-ին կայացավ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականցվող «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից կազմակերպված Startup Boost Week Vol_7 միջոցառումը։
«Ռոստելեկոմ» Հայաստանը աջակցեց միջոցառման իրականացմանը՝ տրամադրելով հաղթող թիմերի մրցանակները։
Հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները՝ այս տարի միջոցառումն անցկացվեց մասնակի առցանց ձևաչափով՝ միավորելով ավելի քան 100 ուսանողների՝ մարզերում և Երևանում գտնվող 8 առանցքային կենտրոններում, այդ թվում՝ Կապան, Գյումրի Annaniks և Chessify), Վանաձոր (SevenSmarts և Instigate Mobile), Դիլիջան (YCCD), Երևան (Smart Center և Change Lab):
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը, ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայստանի համար» ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն, «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը և «Քաթըլիսթ» բարձր տեխնոլոգիաների և ձեռներեցության հիմնադրամի համահիմնադիր Աշոտ Արզումանյանը։
«Արդեն չորրորդ անգամ «Ռոստելեկոմ» Հայաստանը աջակցում է Startup Boost Week միջոցառմանը՝ հույս հայտնելով, որ ինչպես նախորդ տարիներին այս տարի ևս ուսանողները նույն խանդավառությամբ հանդես կգան և կգեներացնեն փայլուն մտքեր։ Այս յոթ օրերի ընթացքում, ուսանողները, չնայած այս տարվա օնլայն ձևաչափին, կարողացան ներկայացնել այնպիսի գաղափարներ, որոնք վստահաբար ապագայում շատ հաջող բիզնեսներ կարող են դառնալ։ Ուրախ ենք մեր ներդրումն ունենալու ուսանողների շրջանում ստեղծագործ ու նորարար մտածողության ձևավորման և ապագա ստարտափերի զարգացման գործում»,-նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Startup Boost Week Vol_7-ը մեկշաբաթյա միջոցառում է՝ միտված ձեռնարկատիրական մտածելակերպի տարածման խթանմանն ուսանողների շրջանում: Միջոցառման 7 օրերի ընթացքում տարբեր համալսարանների ուսանողներ հնարավորություն ունեցան աշխատելու միասին, կազմավորելու թիմեր, գեներացնելու գաղափարներ և փորձեցին իրականացնել դրանք՝ Startup մշակույթին ինտեգրվելու միջոցով: Մասնակիցները հնարավորություն ստացան հանդիպելու և աշխատելու փորձառու մենթորների, ձեռներեցների և ներդրողների հետ, լսելի դարձնելու իրենց գաղափարները՝ դրանք ներկայացնելով փորձառու ժյուրիին։ Հատկանշական է, որ մենթորների մեծ մասը ներգրավված տարածաշրջաններից են, որը յուրօրինակ բովանդակություն ավելացրեց մարզերի մասնակիցների շրջանում։
«Startup Boost Week-ը կոչված է առողջ ձեռներեցության զարգացմանը և միջմարզային, միջհամալսարանական համագործակցության առաջացմանը և խթանմանը։ Այն տալիս է գաղափարների առաջացման և իրականացման հնարավորություն»,—նշեց ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայստանի համար» ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն ։
Մրցույթային 7 օրերի արդյունքում ձևավորվեցին 20 թիմեր, որոնք 7-րդ օրվա ավարտին ներկայացրին իրենց գաղափարները ժյուրիին։
Հաղթող թիմերն էին՝
1-ին մրցանակակիրը Healthy Challenges հավելվածն է, որը խրախուսում է առողջ ապրելակերպը՝ իր հաճախորդներին տալով ֆիզիկական առաջադրանքներ մարտահրավերների տեսքով։
2-րդ մրցանակակիրը Anger room հարթակն է, որն առաջարկում է նվազեցնել սթրեսը վիրտուլ իրականությունում կոտրելով տարբեր իրեր։
3-րդ մրցանակակիր Perfect look արհեստական բանականությամբ աշխատող բջջային հավելվածն է, որը օգնում է հաճախակի առցանց գնումներ կատարող մարդկանց գտնել և ձեռք բերել հենց իրենց կազմվածքին համապատասխանող հագուստ։
«Ռոստելեկոմ» Հայաստանի կողմից «Startup Boost Week Vol_7»-ի մրցանակներ ստացան 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը՝ համապատասխանաբար՝ 350, 250 և 150 եվրոյին համարժեք գումարի չափով։ Բացի այդ մի շարք ստարտափների տրամադրվեց ՏՀՏ ոլորտի և ստարտափ կառուցելու վերաբերյալ գրքեր։
Հատուկ մրցանակներ տրվեցին 4 այլ թիմերի՝
ArmBionics-ն օգնում է վերին վերջույթները կորցրած մարդկանց, որպեսզի վերջիններս կարողանան հոգալ իրենց ամենօրյա կարիքները։ Թիմը ստացավ մենթորության և աջակցության բացառիկ հնարավորություն ժյուրիների կողմից, ինչպես նաև Հայաստան Ստարթափ Ակադեմիայի նախաաքսելերացիոն ծրագրի 7-րդ շրջափուլին հարցազրույցի մասնակցելու առաջարկ։
EasyCook հավելվածը թույլ է տալիս տանը եղած մթերքները գրանցել և ստանալ բազմատեսակ ուտեստների բաղադրատոմսեր, ինչպես նաև տեղադրել բաղադրատոմսերը հարթակում և ստանալ նորերը։ Թիմը ստացավ Hero House Entrepreneurship Assistants’ School-ի 4-րդ շրջափուլին մասնակցության հնարավորություն։
Kangar հավելվածը օգնում է իր հաճախորդներին խնայել ժամանակ՝ տրամադրելով հանրային տրանսպորտի ուղղությունները և ժամանակացույցը։ «gg» ընկերության կողմից թիմը ստացավ համագործակցության առաջարկ։
Kid’s Lock հավելվածը օգնում է երեխաների կրթությանը՝ ծնողներին տալով հնարավորություն վերահսկելու երեխաների կողմից բջջային հեռախոսների օգտագործումը։ «gg» ընկերությունը կաջակցի գաղափարի իրականացմանը
«Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի մասին
ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը կազմում է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի մաս, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից: Այն նպատակ ունի Հայաստանում ստեղծել և զարգացնել ներդրումների ենթակա և նորարարական նախաձեռնությունները` հանգեցնելով ավելի ուժեղ և մրցակցային տեխնոլոգիական և նորարարական էկոհամակարգերի, որոնք ունեն արտահանման ներուժ, ավելի մեծ քանակությամբ Science2Business2Education համագործակցության պլատֆորմներ և ավելի ակտիվ մասնակցություն HORIZON 2020 և HORIZON Europe նորարարական ծրագրերին:
Եվրոպական միության մասին
Եվրոպական միության անդամ երկրները որոշել են աստիճանաբար կապակցել իրենց նոու-հաուն, ռեսուրսներն ու ուղիները: Նրանք միասին ստեղծել են կայունության, ժողովրդավարության ու կայուն զարգացման գոտի` պահպանելով մշակութային զանազանությունը, հանդուրժողականությունը և յուրաքանչյուրի անկախությունը: Եվրամիությունը հանձնառու է կիսել իր ձեռքբերումներն ու արժեքները իր սահմաններից այն կողմ գտնվող երկրների ու ժողովուրդների հետ:
«Քաթըլիսթ» բարձր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հիմնադրամի մասին
«Քաթըլիսթ» հիմնադրամը իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, որոնք միտված են նպաստել Հայաստանում տեխնոլոգիական և ձեռնարկատիրական էկոհամակարգը զարգացնելուն, ինչպես նաև ստարտափ էկոհամակարգը անհրաժեշտ ունակություններով և ընկերություններով համալրելուն։ Իրականցվող ծրագրերից են Հերո Հաուսը (Hero House), Հայաստանի ստարտափ ակադեմիան (Armenia Startup Academy), Արհեստական բանականության ինկուբատորը (AI Incubator), Ձեռնարկատիրական օգնականների դպրոցը (Entrepreneurial Assistants School), Ստարտափ Բուսթ Ուիքենդսը (Startup Boost Weekends), և այլն։ Հիմնադրամի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել www.catalyst.am:
gg-ի մասին
gg-ին հարթակ է, որի միջոցով կարելի է տեղափոխվել Հայաստանի, ինչպես նաև Վրաստանի տարբեր քաղաքներում, Մոսկվայում և Լոս-Անջելեսում. կարելի է գումար վաստակել ավտոմեքենա ունենալու պարագայում: