Նորություններ

A+ A- PRINT_PAGE


ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ ԵՎ ZTE ԿՈՐՊՈՐԱՑԻԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


01.07.2015


Հունիսի 30-ին Ռոստելեկոմը և ZTE կորպորացիան պաշտոնապես հայտարարեցին Հայաստանում ռազմավարական համագործակցության մասին՝ այդ նպատակով «Հաղորդակցություն ոլորտի բարեփոխուման նպատակով»  խորագիրը կրող միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված մամլո ասուլիսի ընթացքում:

Մասնավորապես նշվեց, որ համագործակցությունն իրականացվելու է IPTV/OTT (Over the Top) ինտերակտիվ պլատֆորմի ձևավորման, ամպային նորագույն տեխնոլոգիական լուծումների (Cloud Technologies), տվյալների փոխանցման գերհզոր համակարգերի ներդրման ու զարգացման շուրջ, որոնք աննախադեպ են հայաստանյան շուկայում: Շատ շուտով Ռոստելեկոմը կգործարկի իր IPTV/ОТТ ինտերակտիվ պլատֆորմը նոր լուծումներով ու ծառայություններով։

«Նշված տեխնոլոգիաների շնորհիվ ամենաարդիական լուծումները հասանելի կդառնան Ռոստելեկոմի հայաստանյան սպառողներին և հնարավորություն կընձեռեն վայելելու ողջ աշխարհում արդեն իսկ տարածված ծառայություններն ու հնարավորությունները հեռուստացույցի էկրանից: Ռոստելեկոմը հավատարիմ է մնում իր որդեգրած հաճախորդամետ քաղաքականությանը և շարունակում է խոշոր ներդրումներ իրականացնել բաժանորդների համար առավել բարձրորակ ու հարմարավետ  ծառայությունների մատուցման ուղղությամբ,»_մամլո ասուլիսի ժամանակ նշեց Ռոստելեկոմ Հայաստանի Գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

ZTE կորպորացիան հանդիսանում է աշխարհի խոշորագույն ՏՏ և հեռահաղորդակցության լուծումներ արտադրողներից մեկը։ Կորպորացիան իր IP հեռուստատեսության լուծումներով համարվում է համաշխարհային առաջատար և համակարգը ներդրված է ավելի քան 20 երկրներում շուրջ 18 մլն բաժանորդներով։ Այդ երկրների թվում են ԱՄՆ, Չինաստանը, Շվեյցարիան, Բուլղարիան, Բելառուսը, Սինգապուրը, Ինդոնեզիան, ԱՊՀ մի շարք երկրներ։

«ZTE կորպորացիայի անունից ուրախ եմ տեղեկացնել, որ համագործակցում ենք Ռոստելեկոմի հետ և ընկերության հիմնական մատակարարն ենք հանդիսանում IP հեռուստատեսության, ամպային և տվյալների փոխանցման գերարագ ցանցային լուծումների ուղղություններով։ Ռոստելեկոմը հայաստանյան ամենադինամիկ ու ամենաարագ աճող օպերատորն է և շուտով մենք հանրությանը կներկայացնենք մեր համատեղ տեխնոլոգիական լուծումները, որոնք աննախադեպ են շուկայում։», —նշեց ZTE կորպորացիայի ԱՊՀ գծով փոխնախագահ Չյանգ Յոնգը։

Ընկերությունը համարվում է հեռահաղորդակցության ծառայությունների առաջնակարգ և ամբողջական շղթա ունեցող արտադրողն աշխարհում ինչպես անլար և հիմնական ցանցային համակարգերի (Wireless and Core Network), տվյալների օպտիկական փոխանցումների (data optical transmission), ամպային տեխնոլոգիաների մշակման և ներդրումների, այնպես էլ մի շարք այլ ուղղություններով: