Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՄԻՋԻՆ ՏԱՐԻՔԻ (50+) ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ․ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «АЗБУКА ИНТЕРНЕТА» ՆԱԽԱԳԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԸ


10.03.2020

2020թ․ մարտի 9-ին «Ռոստելեկոմ»-ը ազդարարեց բոլորի կողմից շատ սիրված՝ «Азбука Интернета» նախագծի նոր փուլի մեկնարկը։

Նախագիծն իրենից ներկայացնում է միջին տարիքի (50+) և տարեց բնակչության շրջանում համակարգչային դասընթացների շարք, որը մշակված է նրանց համար և ընդգրկում է համակարգչային գրագիտության կարևորագույն բաժինները՝ սարքավորումների կառուցվածքից մինչև առցանց ռեսուրսների կիրառում։

Հանդիպման ընթացքում ներկայացվեց նախագծի մանրամասները, ձևավորվեցին խմբեր, ինչպես նաև մասնակիցները ծանոթացան կամավոր-դասընթացավարների հետ։

«Азбука Интернета» նախագիծը Հայաստանում իրականացվում է հայաստանյան «Ռոստելեկոմ»-ի նախաձեռնությամբ։ Նախագծի գործընկերներն են «Այբ» դպրոցը, որի կամավոր-աշակերտները աջակցում են մասնակիցներին՝ ձեռք բերելու տարատեսակ համակարգչային հմտություններ, և Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը, որտեղ գտնվող ՍՄԱՐԹ կենտրոնի՝ տեխնիկապես հագեցած լսարաններում էլ անցկացվում են դասընթացները։

«Արդեն 5-րդ տարին է՝ անցկացնում ենք «Азбука Интернета» նախագիծը Հայաստանում, և յուրաքանչյուր տարվա արդյունքներն ու բնակչության ակտիվ մասնակցությունը փաստում են, որ նախագիծն իրոք անհրաժեշտություն է։ Ուրախալի է, որ «Азбука Интернета» նախագիծը կապող «կամուրջ» է դառնում սերունդների միջև, և երկու կողմերն էլ կարողանում են հնարավորինս շատ գիտելիքներ և փորձ փոխանցել միմյանց», —նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Հանդիպմանը հրավիրված էին նաև նախորդ տարվա «Азбука Интернета» նախագծի մասնակիցները, ովքեր կիսվեցին նախագծի վերաբերյալ իրենց տպավորություններով և փորձով՝ ոգևորելով և մեծ եռանդ փոխանցելով նորեկներին։

«Ես կցանկանայի թեթևացնել այն անհանգստությունը, որը հիմա կա շատերի ներսում։ Այստեղ շատ ջերմ և հոգատար մթնոլորտ է ստեղծվում, և ինչպես մենք էինք մեր թոռնիկների ձեռքից բռնած տանում նրանց կյանքի ուղիով, որ չսայթաքեն, այնպես էլ այս կամավորներն են մեզ մեծ ուշադրությամբ ուղեկցում դեպի համակարգչի և ինտերնետի աշխարհ»,- նշեց «Азбука Интернета» նախագիծի 2019 թ․մասնակից Գեորգի Շարխաթունյանը։

Դասընթացները կտևեն 4 շաբաթ, իսկ ավարտին մասնակիցներին և կամավոր-դասընթացավարներին կշնորհվեն հավաստագրեր։
«Азбука Интернета» դասընթացներն անց են կացվում հայերեն լեզվով՝ հայաստանյան լսարանի համար հատուկ մշակում անցած ձեռնարկի օգնությամբ, որի էլեկտրոնային տարբերակն առկա է նաև նախագծի կայքում՝ www.azbukainterneta.ru:
Հայաստանում «Азбука Интернета» նախագծը իրականացվում է 2015թ.-ից։ Այս ընթացքում դասընթացների շնորհիվ շուրջ 300 մասնակիցներ Երևանից և մարզերից ձեռք են բերել համակարգչային հմտություններ և ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները։


«Азбука Интернета» ձեռնարկի մասին

«Азбука Интернета» նախագիծը հատուկ մշակված ամբողջական ծրագիր է միջին տարիքի բնակչության համար, որը մատչելի կերպով մատուցում է տեղեկատվություն նրանց համար օգտակար բոլոր կարևոր գործիքների, գործառույթների վերաբերյալ։
Մասնավորապես, ձեռնարկում տեղ են գտել «Աշխատանք տեքստի հետ», «Աշխատանք Ինտերնետում», «Տեղեկատվության որոնում Ինտերնետում», «Անվտանգ Ինտերնետ», «Էլէկտրոնային ծառայություններ», «Պետական կառույցների կայքեր», «Առցանց գնումներ», «Առցանց շփում» բաժիններն ի թիվս այլ՝ ոչ պակաս կարևոր բաժինների՝ համակարգչային հմտությունների զարգացման վերաբերյալ։
Նախագծի և ձեռնարկի մասին մանրամասներ ներկայացված են www.azbukainterneta.ru պաշտոնական կայքում։