Իրադարձություններ
«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ՝ ՆՎԻՐՎԱԾ ԻՆՏԵՐՆԵՏ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ
Նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին Ռոստելեկոմը Հայաստանում անց է կացնելու օրեր՝ նվիրված «Азбука Интернета» ձեռնարկի ներկայացմանն ու բաց դասերի հայաստանյան մեկնարկին։
Մասնավորապես, նոյեմբերի 30-ին, ժամը 11։00 Ռուսաստանի գիտության և մշակույթի երևանյան կենտրոնում տեղի կունենա մամլո ասուլիս, որի ընթացքում պաշտոնապես կմեկնարկի «Азбука Интернета» բաց դասերին նվիրված միջոցառումների շարքը, և առաջին անգամ Հայաստանում կներկայացվի ձեռնարկը, որը հատուկ մշակված է հայաստանյան ինտերնետ օգտագործողների համար։
Մամլո ասուլիսին պաշտոնական հյուրերից ներկա կգտնվեն ՀՀ-ում ՌԴ դեսպանատան Խորհրդական Օլեգ Շապովալովը, ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության կապի և տեղեկատվայնացման վարչության ղեկավար Սուրեն Պետրոսյանը, Հայաստանյան «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, «Ռոստելեկոմ» ԲԲԸ արտաքին կոմունիկացիաների դեպարտամենտի փոխտնօրեն Յուլիանա Սոկոլենկոն, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Մարկ Կալինինը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը։
Միջոցառման շրջանակներում տեղի կունենա նաև «Ռոստելեկոմի» կողմից հայտարարված՝ համակարգչային գրագիտության վերաբերյալ թոշակառուների անհատական ձեռքբերումները բնութագրող «Շնորհակալություն Ինտերնետին 2015» (www.azbukainterneta.ru) մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը։
Ավելի ուշ՝ ժամը 15։00 ուսումնական ձեռնարկի որոշ խմբաքանակ պաշտոնական պայմաններում կփոխանցվի Հայաստանի Ազգային գրադարանի պահոց։
Ինչ վերաբերում է դասընթացներին, ապա մեկնարկը տրվելու է դեկտեմբերի 1-ին երկու բուհերում՝ Գ․Վ․Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի հայաստանյան մասնաճյուղում (ք․ Երևան, Արզումանյան փ․ 5/2) և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում (ք․Երևան, Հովսեփ Էմինի փ․ 123), ուր տեղի կունենան 55+ տարիքի բնակչության համար նախատեսված դասընթացներն ու վերապատրաստման դասընթացներ ուսանող-կամավորների համար։ Վերջիններս հետագայում հանդես կգան որպես դասընթացավարներ։