Իրադարձություններ
ԻՆՉՈՒ ՊԵՏՔ Է ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ․ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ» ՄՐՑՈՒՅԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
2014թ․ դեկտեմբերից Հայաստանում անց է կացվում ռուսաստանյան «Տեխնոլոգիաներ կյանքի համար – Ինտերնետ լույսի արագությամբ» խորագիրը կրող մրցույթը, որն անց է կացվում ՏՏ թեմաները լուսաբանող լրագրողների համար։ Միջազգային մրցույթի կազմակերպիչն է ռուսաստանյան «Ռոստելեկոմ» ընկերությունը։ Յուրաքանչյուր տարի մրցույթին մասնակցում են հարյուրավոր լրագրողներ Ռուսաստանից և Հայաստանից, իսկ գլխավոր մրցանակակիրներն այցելում են տեխնոլոգիական խոշոր ընկերություններ՝ Ericsson (Ստոկհոլմ, Շվեդիա), Huawei (Շենչժեն, Չինաստան), ZTE (Շենչժեն, Չինաստան):
«Երբ իմացա մրցույթի մասին, որոշեցի անպայման դիմել: Բացառիկ հնարավորություն էր, լինել Չինաստանի նման հզոր պետությունում: Գայթակղիչ մրցանակ էր՝ Չինաստան, Huawei ընկերություն: Միանգամից պատկերացրեցի, թե ինչ հետաքրքիր ճանապարհորդություն կարող է սպասվել: Մասնագիտական քննարկումներ, նոր ծանոթություններ: Հնարավորություն էր լինել իրադարձությունների կենտրոնում, տեսնել և իմանալ նոր նախագծերի մասին, ավելացնել ՏՏ ոլորտի գիտելիքները։»—պատմում է մրցույթի 2015թ․ հայաստանյան հաղթող, հեռուստալրագրող Հայկուհի Ասատրյանը։
2015թ․ ամռանը Հայկուհին Մոսկվայում մասնակցեց լրագրողների համար «Ռոստելեկոմի» կողմից կազմակերպված հանդիպմանը, ուր և ներկայացվեցին Չինաստան մեկնող հինգ հաջողակների անունները։ Հայաստանյան լրագրողն ի թիվս ռուսաստանյան մասնակիցների աշնանը մեկնեց Չինաստան Huawei ընկերության գլխավոր գրասենյակ։
«Չնայած ժամանակը շատ երկար չէր, բայց մեկ շաբաթում հասցրեցի ձեռք բերել նոր ընկերներ, ծանոթացա ռուս գործընկերներիս աշխատելաոճին, իմացա ռուսական ՏՏ լրագրության որոշ նրբություններ: Եվ ամենակարևորը՝ մեկ շաբաթում գտա շատ թեմաներ, որոնք կարելի է լուսաբանել: Մեզ հետ էին մասնակիցներ Ռուսաստանի տարբեր շրջաններից, հետաքրքիր էր իմանալ ՏՏ ոլորտում նրանց շրջանի հաջողությունները: Ճանապարհորդությունը ինձ համար աշխատանքային «ռեստարտ» էր:»—նշում է Հայկուհի Ասատրյանը։
Մրցույթի 2016թ․ մեկնարկը տրվել է դեռ նոյեմբերին, և հայաստանյան լրագրողները կարող են մինչև ապրիլի 10-ը իրենց աշխատանքները բեռնել www.smi.rt.ru կայքում և դառնալ աշնանը Չինաստան մեկնողներից մեկը։
«Տեխնոլոգիաներ կյանքի համար – առավել հնարավորություններ» մրցույթի մասին
Մրցույթն անց է կացվում տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների, տարբեր ոլորտներում կիրառման վերաբերյալ առավել օբյեկտիվ և որակյալ լուսաբանմանը ԶԼՄ-ների և բլոգերների ուշադրությունը հրավիրելու նպատակով: Գլխավոր մրցանակակիրը 2016թ. աշնանը ռուսաստանյան պատվիրակության կազմում կայցելի Չինաստանի Շենչժեն քաղաքում գտնվող ZTE ընկերության գլխամաս: Յուրաքանչյուր տարի նախագծին մասնակցում են ավելի քան 500 ԶԼՄ-ների ներկայացուցիչներ Ռուսաստանից և Հայաստանից։
Մասնակցելու հայտ կարող են ներկայացնել ինչպես ռադիո և հեռուստատեսության, այնպես էլ տպագիր (թերթեր, ամսագրեր) և առցանց ԶԼՄ-ներում, սոցիալական մեդիայում (բլոգեր) հրապարակված աշխատանքները։
Մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցվել և տեղադրել լրագրողական նյութը www.smi.rt.ru կայքում մինչև 2016թ. ապրիլի 10-ը: Նույն կայքում էլ տեղակայված են աշխատանքներն ու մանրամասն տեղեկատվությունը մրցույթի մասին՝ www.smi.rt.ru:
Հայաստանյան ժյուրիի կազմում են հեռահաղորդակցության ոլորտը ներկայացնող կառույցների ներկայացուցիչներ՝
- Էմիլ Տարասյան - ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար,
- Բագրատ Ենգիբարյան - Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի տնօրեն,
- Կարեն Վարդանյան - Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն,
- Սիրանուշ Գյուրջինյան - ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ, «Ռոստելեկոմ» Հայաստան, Հանրային կապերի բաժնի ղեկավար։
Մրցույթը ռուսաստանյան լրագրողների շրջանում անց է կացվում արդեն հինգերորդ անգամ, իսկ միջազգային այն դարձել է հայաստանյան լրագրողների՝ 2014-2015 մրցույթին մասնակցությունից հետո։