Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹԻՎ 2 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍԱՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԿԿԱՐՈՂԱՆԱՆ ԴԻՏԵԼ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ ՈՒ ԾՐԱԳՐԵՐ ՇՆՈՐՀԻՎ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ» ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ


ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹԻՎ 2 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍԱՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԿԿԱՐՈՂԱՆԱՆ ԴԻՏԵԼ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ ՈՒ ԾՐԱԳՐԵՐ ՇՆՈՐՀԻՎ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ» ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ
03.02.2016

Փետրվարի 2-ին «Ռոստելեկոմը» IP հեռուստատեսությամբ ապահովեց Նուբարաշեն համայնքում գտնվող «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2» գիշերօթիկ հաստատությունը, ուր հաճախում է 1-ից 12-րդ դասարանների շուրջ 70 երեխա։ Հեռուստատեսային սարքը հնարավորություն կտա երեխաներին դասերից դուրս մանկավարժների ուղեկցությամբ դիտելու մի քանի տասնյակ ուսուցողական և գունագեղ մանկական, ինչպես նաև երաժշտական, սպորտային, ֆիլմերի, լրատվական ու ժամանցային հեռուստաալիքներ։ Ընդհանուր առմամբ 6-18 տարեկանների տարիքային խմբին հետաքրքրող հեռուստաալիքների թիվը «Ռոստելեկոմի» հեռուստատեսային ծառայությունների շարքում հասնում է 148-ի։

Հաշվի առնելով ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ ուսումնական հաստատություններում դասերը փետրվարի 1-ին վերսկսելու հրամանը՝ «Ռոստելեկոմն» անակնկալը մատուցեց անմիջապես նոր ուսումնական կիսամյակի մեկնարկին։

«Մեզ համար շատ կարևոր է բոլոր բաժանորդներին մատուցել բարձրորակ ծառայություններ, նույնքան կարևոր են Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում երեխաների և ծերերի խնամքի կենտրոններին տրամադրվող ծառայությունները։ Նուբարաշենի «Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2» գիշերօթիկ հաստատությանն աջակցություն ցուցաբերվում է 2013 թվականից, և այն շարունակական բնույթ է կրելու։»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստան, «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Հիշեցնենք՝ դեռ 2013 թվականի հունիսից «Ռոստելեկոմը» Նուբարաշենի՝ Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ թիվ 2 հաստատության տարածքում կառուցեց ներքին համակարգչային ցանց և մինչ օրս անվճար հիմունքներով լայնաշերտ ինտերնետով է ապահովում հաստատության դասասենյակներն ու համակարգչային սրահը:


***

Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն

Գիշերօթիկ հաստատությունն իրականացնում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, սոցիալապես անապահով ընտանիքների 6-18 տարեկան երեխաների խնամքն ու դաստիարակությունը, աջակցում է նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, ապահովում է նրանց սննդով, հագուստով, տալիս առաջին բուժօգնությունը, ապահովում համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններով:

Գիշերօթիկ հաստատությունում խնամվող երեխայի խնամակալ է հանդիսանում նրա ծնողը կամ օրինական ներկայացուցիչը` ի տարբերություն մանկատան, որտեղ երեխայի խնամակալը օրենսդրությամբ սահմանված կարգով հանդիսանում է մանկատունը:

Ուսումնական գործընթացից հետո երեխաների առօրյան լեցուն է ակտիվ հանգստով և ուրախ ժամանցներով /խաղեր, միջոցառումներ, էքսկուրսիաներ/: Հաստատությունում գործում են նաև պարի, կոշկակարության, կար ու ձևի, համակարգչային խմբակներ, ինչպես նաև Էրեբունու համայնքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի հետ համատեղ գործում են փափուկ խաղալիքների պատրաստման, գոբելենի, մաքրամեի, կարատեի, փայտամշակման, նկարչության խմբակներ:

Նման հաստատություններում երեխաները կարող են գիշերել շաբաթվա ընթացքում, իսկ շաբաթ, կիրակի և տոն օրերը հնարավորության դեպքում անցկացնել ընտանիքներում: