Իրադարձություններ
"ՌՈՍՏԵԼԵԿՈՄ"-Ի ԶԱՆԳԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՆԵՐԴՐՎԵԼ Է 2HZ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ KRISP ՀԱՄԱԿԱՐԳԸ
«Ռոստելեկոմ»-ի զանգերի կենտրոնի մի քանի տասնյակ համակարգիչներում ներդրվել է Krisp հավելվածը, որը հեռախոսային խոսակցությունների ընթացքում աղմուկը վերացնող ամենաորակյալ տեխնոլոգիան է աշխարհում։ Այն հիմնված է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մեթոդների վրա, որն իրենից ներկայացնում է վիրտուալ միկրոֆոն և սփիկեր համակարգչի համար։
Krisp-ը հանդիսանում է 2Hz հայկական ստարտափ ընկերության առաջին պրոդուկտը։ 2Hz հայկական ստարտափը ստեղծվել է մեկուկես տարի առաջ և մինչ օրս ընկերությունը ներգրավել է ավելի քան երկու միլիոն դոլար ներդրում Սիլիկոնյան Հովտի ներդրողներից։ Արդեն 2018թ․ ավարտին Krisp-ը ճանաչվել է տարվա լավագույն ապրանք միջազգային ProductHunt հարթակում (պլատֆորմում)։
«Հայաստանյան ստարտափների կողմից վերջին տարիներիս ստեղծվում և գործարկվում են ինովացիոն լուծումներ, որոնք եզակի (ունիկալ) են իրենց բնույթով ամբողջ աշխարհում։ Ստարտափները մշտապես եղել են «Ռոստելեկոմ»-ի ուշադրության կենտրոնում, ինչի շնորհիվ մենք համալրել ենք մեր ծառայությունները տարբեր նոր լուծումներով, և այսօր հայտարարում ենք ևս մեկ համագործակցության մեկնարկի մասին՝ մեր Զանգերի կենտրոնում ներդրել ենք 2Hz ընկերության Krisp հավելվածը, որը հնարավորություն է տալիս մեր բաժանորդներին տրամադրել առավել բարձրորակ ծառայություններ։ «Ռոստելեկոմ»-ը առաջին ընկերությունն է Հայաստանում, ով ներդրել է այս ծրագրի բետա տարբերակը, մի քանի շաբաթից՝ նաև ամբողջական տարբերակը։
Համոզված եմ, որ մենք օրինակ կհանդիսանանք հայաստանյան այլ ընկերությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց համար, և նրանք նույնպես կօգտվեն հայաստանյան ծագումով այս բացառիկ հավելվածից»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Krisp Windows հավելվածը Beta տարբերակով արդեն օգտագործվում է «Ռոստելեկոմ»-ի զանգերի կենտրոնում։ Այսպիսով, «Ռոստելեկոմ»-ի հաճախորդները կարող են ունենալ արդյունավետ և անաղմուկ զանգեր։
«Մենք շատ ուրախ ենք «Ռոստելեկոմ»-ի հետ համագործակցության համար։ Ուրախալի է տեսնել, որ մեր արտադրանքը, որն ի սկզբանե նախագծվել է միջազգային շուկաների համար, վայելում է նաև հայկական ընկերությունների հետաքրքրությունը և ակտիվորեն ներդրվում տեղական շուկայում»,— ասել է 2Hz ընկերության համահիմնադիր, տեխնիկական տնօրեն Արտավազդ Մինասյանը։
2Hz-ի Krisp հավելվածը աշխատում է MacOS և Windows համակարգերում։ Krisp-ի միջոցով օգտատերերը կարող են զանգ կատարել համակարգչից ցանկացած վիդեո հավելվածով՝ Skype, Viber, WhatsApp, Zoom, Webex և այլն։
Զանգի ընթացքում հավելվածը հեռացնում է զանգահարողին շրջապատող աղմուկը զանգի մյուս մասնակիցների համար և մյուս կողմից՝ մասնակիցների շուրջն առկա աղմուկը՝ զանգահարողի համար։
«Krisp ծրագիրը հնարավորություն է տալիս ապահովելու Զանգերի կենտրոնում հեռախոսային սպասարկման առավել բարձր որակ բոլոր բաժանորդների համար։ Մեզ համար շատ կարևոր է հաճախորդի յուրաքանչյուր բառը, և հավելվածի շնորհիվ մուտքային և ելքային զանգերում չեզոքացվում, կարելի է ասել՝ վերացվում է շրջապատի աղմուկը, ինչի արդյունքում խոսքը երկկողմանի ավելի հստակ ու պարզ է դառնում։ Աղմուկը հեռախոսային օպերատորների համար լուրջ խնդիրներ է առաջացնում, և անգամ միջազգային խոշոր զանգերի կենտրոնները ամենատարբեր ձևերով փորձում են հնարքներ կիրառել, ծախսումներ կատարել խնդրի լուծման համար։ Այժմ արդեն Krisp հավելվածի միջոցով, ընդամենը համակարգչում տեղադրելով, հնարավոր է դառնում լուծել աղմուկի խնդիրը և կենտրոնանալ բուն աշխատանքի շուրջ»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի Հաճախորդների սպասարկման դեպարտամենտի ղեկավար Աննա Անանյանը։
Krisp Windows հավելվածի ամբողջական տարբերակը հասանելի կլինի հունիսի տասներկուսին։