Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ է ՌՈԲՈՏՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՒԼԸ


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ է ՌՈԲՈՏՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՒԼԸ
14.09.2018

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը անց է կացվելու սեպտեմբերի 15-ին «Այբ» դպրոցում (Թբիլիսյան խճ. 11/11, Երևան)։ Այս տարի օլիմպիադային մասնակցելու է 12 թիմ Հայաստանից, իսկ հաղթող թիմը կստանա հնարավորություն՝ ներկայացնելու Հայաստանը օլիմպիադայի միջազգային փուլում, որը տեղի կունենա նոյեմբերին Թաիլանդում։

Հայաստանում մրցույթի պաշտոնական կազմակերպիչը հանդիսանում է «Այբ» կրթական հիմնադրամը։ Կառույցի ջանքերով 2016թ.-ից ի վեր կազմակերպվել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը և ապահովվել է հաղթողների մասնակցությունը միջազգային մրցաշարերին։ 2018թ․ օլիմպիադայի հայաստանյան փուլի հովանավորն է «Ռոստելեկոմ» ընկերությունը։

Այս տարի մրցույթն անց է կացվում «Սնունդը կարևոր է» կարգախոսի ներքո, և մասնակից թիմերը պետք է ստեղծեին ռոբոտներ, որոնք կարող են օգնել նվազեցնելու սննդային թափոնները, հավաքել տարբեր ֆերմաների դաշտերի հողի որակի վերաբերյալ տվյալներ, կարգավորել նավերում առկա ջերմաստիճանն այնպես, որ սննդի փոխադրման ընթացքում արագ փչացող տարբեր սննդատեսակներ պահպանվեն անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններում և այլն։

Ցանկացողները ժ․ 16։00-ից սկսած կարող են մասնակցել հյուրերի համար նախատեսված ծրագրին՝ շրջայց և ռոբոտների ցուցադրություն ՖաբԼաբ-ում, լեգո խաղեր Mind Centre-ի և Whiz Code Academy-ի հետ, այց «Այբ» դպրոցի Լեգո Լաբ, ազգային պարերի ուսուցում, հյուրասիրություն (ֆուրշետ, թեյ, սուրճ)։

 
Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի մասին

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (World Robot Olympiad, WRO) նպատակը ողջ աշխարհի երեխաներին և երիտասարդներին ռոբոտաշինության գաղափարի շուրջ միավորելն է և նրանց ստեղծարարությունը և նախագծելու ու խնդիրներ լուծելու հմտությունները զարգացնելը։

Մրցույթը ստեղծվել է 2004 թվականին։ Այսօր մրցույթին տարեկան մասնակցում է 6-25 տարեկան 60.000-ից ավելի երեխա և երիտասարդ՝ աշխարհի ավելի քան 60 երկրից:

Հայաստանում մրցույթի ազգային փուլն անցկացվում է 2016 թվականից՝ խթանելու ՀՀ դպրոցներում ռոբոտաշինության, ծրագրավորման ու ճարտարագիտության դասավանդումը։ Մրցույթի ազգային փուլի պաշտոնական կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը։