Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵՑ «ՈԶՆԻ» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ


08.06.2015

 

Հունիսի 6-ին Երևան Էքսպոյի շենքում (Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ) ամփոփվեցին դպրոցականների շրջանում անցկացվող «Ոզնի 2015» համակարգչային մրցույթի արդյունքները։

Հաղթող երեխաներին պատվոգրեր և մրցանակներ հանձնեցին ՀՀ էկոնոմիայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն ու հայաստանյան «Ռոստելեկոմի» ղեկավար Հայկ Ֆարամազյանը։

«Ռոստելեկոմի» անունից ընկերության ղեկավարը շնորհավորեց բոլոր մասնակիցներին և հաղթողներին։ Նա ընդգծեց նմանօրինակ մրցույթների կարևորությունը համակարգչային գրագիտության բարձրացման և դպրոցահասակների կողմից նոր տեխնոլոգիաների նպատակային օգտագործման հարցում։ «Համոզված եմ՝ դպրոցահասակների կողմից համակարգչային ծրագրերի տիրապետումը նրանց առավել ճկուն կդարձնի և հնարավորություն կտա ապագայում հաջողությամբ շարունակել կրթությունը բուհերում և մրցունակ մասնագետ դառնալ։ Կարող ենք փաստել, որ  արդեն իսկ գիտելիքների ստացման ու կատարելագործման համար ստեղծված են բոլոր հնարավորությունները, այդ թվում նաև գերարագ ինտերնետ հասանելիությունը ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում։»—նշեց Հայկ Ֆարամազյանը։

2015թ․ եզրափակչին  մասնակցել են 328 աշակերտներ 28 երևանյան և 53 մարզային դպրոցներից։

Հայաստանում «Ռոստելեկոմն» իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակներում ակտիվ գործունեություն է ծավալում հանրակրթական, բուհական և հետբուհական կրթության զարգացման ուղղությամբ։

«Ոզնի» մրցույթի աջակիցներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF), «Ռոստելեկոմը», այլ կառույցներ։