Նորություններ
«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ
Ապրիլի 10-ին «Ռոստելեկոմը» և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամը ստորագրեցին Համագործակցության հուշագիր՝ ի նպաստ բուհի զարգացման և փոխգործակցության։
Մասնավորապես, հուշագիրը ստորագրվեց՝ նպատակ ունենալով ապահովելու Համալսարանի ուսանողների տեսական գիտելիքների գործնական կիրառումը և մասնագիտական փորձի միջոցով կիրառական հմտությունների ձեռք բերումը, կարևորելով կրթության որակը, հայաստանյան շուկան որակյալ աշխատողներով համալրելու և գիտակից քաղաքացիներ դաստիարակելու անհրաժեշտությունը, ինչպես նաև կարևորելով Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և «Ռոստելեկոմի» միջև համագործակցությունը և երիտասարդ սերնդի հետ ակտիվ երկխոսությունը։
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ տարիների համագործակցության փորձը ցույց է տվել, որ բուհի ուսանողներն իրենց գիտելիքներով մրցունակ են և կարողանում են աշխատել ոլորտի լավագույն ընկերություններում, ինչպիսին «Ռոստելեկոմն» է։»—նշեց «Ռոստելեկոմ»
Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Համագործակցության շրջանակներում «Ռոստելեկոմի» կողմից Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամին ուսանողների կրթական գործընթացն առավել բարձրակարգ կազմակերպելու նպատակով հանձնվեցին Cisco Systems ցանցային սարքավորումներ և համակարգիչներ, պայմանավորվածություններ ձեռք բերվեցին շարունակելու ընկերության մասնագետների կողմից դասախոսությունների և բուհի ուսանողների արտադրական-ուսումնական պրակտիկայի կազմակերպման գործընթացները։
«Համոզված եմ՝ մեր կողմից տրամադրված բարձրակարգ Cisco սարքավորումներն ու համակարգչային տեխնիկան կնպաստեն ժամանակակից տեխնոլոգիաների վերաբերյալ ուսանողների գիտելիքների կատարելագործմանը։ Մենք բազմիցս հյուրընկալել ենք և շարունակելու ենք այցելություններ կազմակերպել հայաստանյան բուհերի ուսանողների համար դեպի մեր դատա կենտրոն և ներկայացնել գերժամանակակից սերվերային հանգույցներն ու տեխնոլոգիական լուծումները։»—հավելեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Հուշագրի շրջանակներում կողմերը պայմանավորվածություններ ձեռք բերեցին գործակցելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում՝
- կազմակերպելու դասախոսություններ և անցկացնելու դասընթացներ համալսարանի ուսանողների համար՝ ներգրավելով «Ռոստելեկոմի» ղեկավար կազմին և առաջատար աշխատակիցներին,
- կազմակերպելու «Ռոստելեկոմի» ներկայացուցիչների հանդիպումներ և քննարկումներ Համալսարանի ուսանողների և դասախոսների հետ Ընկերության գործունեության ոլորտին վերաբերող հարցերի շուրջ,
- ապահովելու Համալսարանի ուսանողների ներգրավվածությունը՝ նրանց հմտությունների գործնական կիրառմանը նպաստող ծրագրերին,
- կազմակերպելու «Ռոստելեկոմի» ստորաբաժանումներ ուսանողների այցելություններ, նրանց ընդգրկել «Ռոստելեկոմի» տարբեր միջոցառումներում, ծրագրերում,
- ապահովելու Համալսարանի ուսանողների արտադրական-ուսումնական պրակտիկայի կազմակերպումը «Ռոստելեկոմի» ստորաբաժանումներում,
- հնարավորության դեպքում, աջակցելու Համալսարանի ուսանողների աշխատանքի ներգրավման գործընթացին։
Երկու կառույցների ղեկավարները վստահություն հայտնեցին, որ համագործակցությունը իրապես կնպաստի ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի բարձրակարգ մասնագետների ու կադրերի ձևավորմանը։