Նորություններ

A+ A- PRINT_PAGE


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»․ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԵՌԱՀԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՄԱՐԶԱՅԻՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԵՏ


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»․ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԵՌԱՀԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՄԱՐԶԱՅԻՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԵՏ
21.10.2016

Հոկտեմբերի 21-ին ՀՀ Կրթության և Գիտության նախարարության և հայաստանյան «Ռոստելեկոմի» համատեղ ջանքերով «Այբ» դպրոցում մեկնարկեցին հեռահար ուսուցման փորձնական դասընթացները Երևանի և մարզային դպրոցների միջև, որոնք իրականացվում են գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակներում։

«Ռոստելեկոմի» ՎԵԲ-Կոնֆերանս տեսազանգ ծառայության կիրառմամբ Երևանի «Այբ» դպրոցից միաժամանակ կապ հաստատվեց Կապանի Լեռնաձոր գյուղի, Սևանի թիվ 1 և Իջևանի թիվ 5 դպրոցների հետ։

«Այբ» դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Բիլոր Կուրղինյանի և քիմիայի ուսուցիչ Լևոն Սարգսյանի օգնությամբ իրականացվեց ինտեգրված դաս՝ «Էլեկտրական հոսանքի ստացումը և հատկությունները» թեմայով։

«Նոր տեխնոլոգիաների մուտքը մեր առօրյա արդեն իրողություն է, և «Ռոստելեկոմը» շարունակական ծրագրեր է իրականացնում տարբեր բնագավառներ՝ այդ թվում նաև կրթության ոլորտ նոր գերարագ տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ»,-նշեց հայաստանյան «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Դասի ընթացքում իրականացվեցին փորձ-ցուցադրություններ, իսկ հարց-քննարկումներն ապահովեցին երեխաների առավելագույն ներգրավվածությունը։ Ավարտին երեխաները լիմոնից և խնձորից պատրաստեցին հոսանքի աղբյուր ու մասնակցեցին ակտիվ հարց ու պատասխանին։

Դասընթացը սովորեցրեց աշակերտներին սահմանել էլեկտրական հոսանքը, ներկայացնել շղթաներում հաջորդական և զուգահեռ միացման հատկությունները, սահմանել իոնը և բացատրել դրա առաջացումը, ներկայացնել ատոմներում էլեկտրոնների կապի էներգիաների տարբերությունների կիրառությունը (կիտրոնի և քացախաթթվի էլեկտրահաղորդականության օրինակով), ինչպես նաև նկարագրել հոսանքի քիմիական աղբյուրները։ 

Հեռահար ուսուցման դասընթացները Երևանի և մարզային դպրոցների միջև շարունակական բնույթ են կրելու։