Նորություններ
«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ը ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ ԱՐՑԱԽԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԻՆ «ՄԵԿ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑԻ ՎԻՐՏՈՒԱԼ ԱՇԽԱՐՀՈՒՄ» VR ԾՐԱԳԻՐԸ
Դեկտեմբերի 24-ին և 25-ին Ռուսական արվեստի թանգարանում կազմակերպվեց ընդունելություն Արցախի տարբեր համայնքներից ժամանած և Երևանում ապաստանած 45 երեխաների համար։ Ծրագրի իրականացման աջակիցն է «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերությունը։
Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ․ Ա․ Աբրահամյանի հավաքածու), առաջնորդվելով թանգարանների ոչ ֆորմալ կրթական գործունեության միջազգային փորձով, երեխաների համար կազմակերպված կրթական ծրագրի շրջանակներում ներառել էր շրջայց թանգարանում և Բ. Գրիգորևի «Կենդանաբանական այգի» նկարի ներկայացումը VR տեխնոլոգիայի միջոցով։ Տարբեր ինտերակտիվ խաղերի օգնությամբ երեխաները ծանոթացան կենդանիների տեսակներին, նրանց բնակության վայրին, նոր գիտելիներ ձեռք բերեցին կենդանական աշխարհի և շրջակա բնության վերաբերյալ։ Իսկ ծրագրի գործնական մասում, երեխաները VR ակնոցների միջոցով հայտնվեցին հենց նկարի «ներսում»։
Նկարի հիման վրա նախապես ստեղծված 3D միջավայրը հնարավորություն է տալիս «շրջելու» ռուս մեծ նկարիչ Բ. Գրիգորևի ստեղծած «Կենդանաբանական այգում» և ունկնդրելու նկարի պատմությունը երեք լեզվով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։
«Շատ կարևոր է երեխաների շրջանում ապահովել կապը արվեստի հետ, իսկ մեր օրերում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը էլ ավելի գրավիչ և հագեցած է դարձնում այդ գործընթացը։ Այս երկու օրերի ընթացքում Արցախից ժամանած մեր երեխաները ևս հնարավորություն ստացան նորովի հաղորդակցվելու արվեստի հետ, և վստահ եմ, դրական տպավորություններ ու նոր գիտելիքներ ստացան կրթական ծրագրի ավարտին։ Այս նոր և եզակի ծագրիրը նպատակ ունի բացահայտելու արվեստի ստեղծագործությունը այլ տեսանկյունից՝ փաստելով, որ ցանկացած բնագավառում տեխնոլոգիաներն են մեր ապագան», -նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 26-ին «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ Ա․ Աբրահամյանի հավաքածու) կայացել էր ռուս նկարիչ Բ․ Գրիգորևի «Կենդանաբանական այգի» գեղանկարի վիրտուալ իրականության (Virtual Reality, VR) հավելվածի շնորհանդեսը։ Այս նախագիծը ևս իրականացվել է «Ռոստելեկոմ» Հայաստանի հովանավորությամբ։
Երևանի Ռուսական արվեստի թանգարան (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)
Գործում է մայրաքաղաքում (հասցե՝ Իսահակյան 38, Կասկադի հարևանությամբ) արդեն շուրջ 30 տարի, այցելուին է ներկայացնում 19-րդ դարավերջի-20-րդ դարասկզբի ռուսական կերպարվեստի՝ (գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ-կիրառական և թատերական ձևավորման արվեստ) համաշխարհային նշանակության, գեղարվեստական և պատմական մեծ արժեք ունեցող ընտրանի:
Թանգարանի աշխատակազմի կողմից մշակված կրթական ծրագրերը հինգն են՝ «Իմ տունն իմ ամրոցն է», «Տարվա եղանակները», Կենդանաբանական այգի», «Կռահիր նկարը», «Արվեստ. տեսակներ, ժանրեր, տեխնիկաներ» և անցկացվելով 2015թ․ մարտից՝ բավական մեծ հետաքրքրություն են վայելում՝ թանգարանում հյուրընկալելով ամսական շուրջ 350 դպրոցահասակ և նախադպրոցական հաստատությունների երեխաների։
Թանգարանում ցուցադրված են այնպիսի նկարիչների ստեղծագործություններ, ինչպիսիք են Կ. Կորովինը, Վ. Սերովը, Մ. Վրուբելը, Մ. Նեստերովը, Ա. Բենուան, Զ. Սերեբրյակովան, Բ. Կուստոդիևը, Ա. Գոլովինը, Ե. Լանսերեն, Մ. Վոլոշինը, Կ.Պետրով- Վոդկինը, Ն. Ռերիխը, Ռ. Ֆալկը, Պ. Կոնչալովսկին, Մ. Սարյանը, Պ. Կուզնեցովը, Ա. Լենտուլովը, Ս. Սուդեյկինը, Ա. Տիշլերը և ուրիշները:
Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) Երևանում հիմնադրվել է պրոֆ. Արամ Աբրահամյանի մասնավոր հավաքածուի հիման վրա: Այս նվիրատվությունը իր պատմական հայրենիքին՝ Հայաստանին, Ա. Աբրահամյանի հայրենասիրության մեծագույն դրսևորում էր: