Նորություններ

A+ A- PRINT_PAGE


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԵՏ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԱՐՎԵՍՏԸ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ» ՀԱՄԱՏԵՂ ԿՐԹԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԵՏ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԱՐՎԵՍՏԸ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ» ՀԱՄԱՏԵՂ ԿՐԹԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ
16.11.2016

«Ռոստելեկոմը»  Երևանի Ռուսական արվեստի թանգարանի հետ մեկնարկում է «Արվեստը բոլորի համար» համատեղ նախագիծը, որի շրջանակներում կրթական ծրագրեր կիրականացվեն խնամքի կենտրոնների, մանկատների, հաշմանդամություն, զարգացման խնդիրներ ունեցող երեխաների, այլ խմբերի համար։ 

Նոյեմբերի 16-ին թանգարան այցելեց Վանաձորի մանկատան երեխաների առաջին խումբը։ Նրանց համար անցկացվեցին երկու ծրագրեր՝ «Արվեստ. տեսակներ, ժանրեր, տեխնիկաներ» և «Իմ տունն իմ ամրոցն է»։

Կրթական ծրագրերը Ռուսական արվեստի թանգարանում մշակվել են թանգարանագետ-մանկավարժների, հոգեբանների և արվեստաբանների համատեղ աշխատանքի արդյունքում՝ նպատակ ունենալով առավել ինտերակտիվ ու մատչելի դարձնել արվեստի ընկալումը երեխաների համար։ 

Մասնագետներն, առաջնորդվելով թանգարանների ոչ ֆորմալ կրթական  գործունեության միջազգային փորձով, նախադպրոցականներին և դպրոցականներին առաջարկում են ծանոթանալ թանգարանի մշտական ցուցադրությանը ոչ միայն  դասական էքսկուրսիաների, այլև ինտերակտիվ խաղ-էքսկուրսիաների և արվեստին նվիրված դաս-էքսկուրսիաների միջոցով:  Դրանք միտված են զարգացնելու երեխաների ուշադրությունը,  տրամաբանական մտածողությունը, տեսողական հիշողությունը,  ինչպես նաև հարստացնելու կերպարվեստի վերաբերյալ գիտելիքներն ու բառապաշարը, գեղեցիկի նրանց ընկալումը, գեղագիտական զգացողությունը: 

«Համոզված եմ՝ արվեստի ընկալումն ու շփումը երեխաները պետք է սկսեն դեռ մանկուց, և մեր պարտքն է աջակցել, որպեսզի բոլոր երեխաներին հասանելի դառնան նման ծրագրերը»,-նշեց Ռոստելեկոմ Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Ծրագրերի և աշխատանքների առավել արդյունավետ իրականացման համար «Ռոստելեկոմի» կողմից թանգարանին են տրամադրվել նաև անհրաժեշտ սարքավորումները՝ պրոյեկտոր, էկրան, այլ։

Թանգարանի աշխատակազմի կողմից մշակված կրթական ծրագրերը հինգն են՝ «Իմ տունն իմ ամրոցն է», «Տարվա եղանակները»,  Կենդանաբանական այգի», «Կռահիր նկարը», «Արվեստ. տեսակներ, ժանրեր, տեխնիկաներ» և անցկացվելով 2015թ․ մարտից՝ բավական մեծ հետաքրքրություն են վայելում՝ թանգարանում հյուրընկալելով ամսական շուրջ 350 դպրոցահասակ և նախադպրոցական հաստատությունների երեխաների։

Հավելենք, որ «Ռոստելեկոմի» անվճար WiFi հասանելիությամբ թանգարանն ապահովվել էր դեռ ամռանը և հետագայում նախատեսվում է ընդլայնել համագործակցությունն ու համատեղ իրականացվող նախագծերի շրջանակը։

Թանգարանի կրթական ծրագրերի մասին

«Արվեստ. տեսակներ, ժանրեր, տեխնիկաներ» ծրագիրը նախատեսված է 10-15 տարեկան երեխաների համար։ Թանգարանի հավաքածուհի հիման վրա երեխաներին մատուցվում են արվեստի տեսական հիմունքների վերաբերյալ տարրական գիտելիքներ, որոնք ներառված չեն պետական դպրոցական ծրագրում։ Ծրագիրը ուղեկցվում է տրամաբանությունը և տեսողական հիշողությունը զարգացնող ինտերակտիվ խաղերով։

«Տարվա եղանակները» խաղ-էքսկուրսիան նախատեսված է 4-7 տարեկան երեխաների համար: Թանգարանում ներկայացված բնանկարների միջոցով ընդհանուր գիտելիքներ են տրվում տարվա չորս եղանակների, ինչպես նաև բնության երևույթների վերաբերյալ։ Ծրագրի գործնական մասում երեխաները Պ. Չայկովսկու «Տարվա եղանակներ» երաժշտության ներքո ստեղծագործում են, ինչպես նաև կռահում հանելուկներ: 

«Կենդանաբանական այգի» ծրագիրը նախատեսված է 4-7 տարեկան երեխաների համար: Բ. Գրիգորևի «Կենդանաբանական այգի» նկարի միջոցով երեխաներին պատմում են կենդանիների մասին, սովորեցնում նրանց սիրել և խնամել կենդանիներին և շրջակա միջավայրը: Ծրագրի գործնական մասում երեխաները խաղում են տարբեր ինտերակտիվ խաղեր տվյալ թեմայի համատեքստում:

«Կռահիր նկարը» ծրագիրը նախատեսված է երեխաների, մեծահասակների և ընտանիքների համար: Ծրագրի նպատակն է ծանոթացնել թանգարանային մշակույթին և էթիկային, հաղորդել տարրական գիտելիքներ արվեստի տեսակների, տեխնիկաների և ժանրերի վերաբերյալ: Գործնական մասում յուրաքանչյուրը ընտրում է ցուցադրությունից մեկ առարկա և ազատորեն վերարտադրում այն: Ծրագրի ավարտին մասնակիցները պետք է կռահեն, թե որ նկարն են վերարտադրել իրենց ընկերները: 

«Իմ տունն իմ ամրոցն է» ծրագիրը նախատեսված է 11-14 տարեկան երեխաների համար: Թանգարանի հիմնական ցուցադրությունում ներկայացված նկարիչներ Ն.Կրիմովի  «Տաք օր» և Պ.Կուզնեցովի «Հանգիստ տափաստանում» աշխատանքների միջոցով երեխաներին ներկայացվում է տան խորհուրդը, պատմական զարգացումը և նրա տեսակները`ըստ աշխարհագրական և մշակութային գործոնների։ Ծրագիրը ուղեկցվում է գործնական առաջադրանքով։ 

***

Երևանի Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)

Գործում է մայրաքաղաքում (հասցե՝ Իսահակյան 38, Կասկադի հարևանությամբ) արդեն շուրջ 30 տարի, այցելուին է ներկայացնում 19-րդ դարավերջի-20-րդ դարասկզբի ռուսական կերպարվեստի՝ (գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ-կիրառական և թատերական ձևավորման արվեստ) համաշխարհային նշանակության, գեղարվեստական և պատմական մեծ արժեք ունեցող ընտրանի: 

Թանգարանում ցուցադրված են այնպիսի նկարիչների ստեղծագործություններ, ինչպիսիք են Կ. Կորովինը, Վ. Սերովը, Մ. Վրուբելը, Մ. Նեստերովը, Ա. Բենուան, Զ. Սերեբրյակովան, Բ. Կուստոդիևը, Ա. Գոլովինը, Ե. Լանսերեն, Մ. Վոլոշինը, Կ.Պետրով- Վոդկինը, Ն. Ռերիխը, Ռ. Ֆալկը, Պ. Կոնչալովսկին, Մ. Սարյանը, Պ. Կուզնեցովը, Ա. Լենտուլովը, Ս. Սուդեյկինը, Ա. Տիշլերը և ուրիշները:

Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) Երևանում հիմնադրվել է պրոֆ. Արամ Աբրահամյանի մասնավոր հավաքածուի հիման վրա: Այս նվիրատվությունը իր պատմական հայրենիքին՝ Հայաստանին, Ա. Աբրահամյանի հայրենասիրության մեծագույն դրսևորում էր: