Նորություններ
«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» ԱՋԱԿՑՈՒՄ Է ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՈՒԺՎՈՂ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ
Կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դերը հասարակության խնդիրների լուծման գործում՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը հերթական աջակցությունն է տրամադրում մեր վիրավոր զինծառայողներին:
Այս անգամ Ընկերությունը ամանորյա կորպորատիվ նվերների ողջ ֆինանսական միջոցները ուղղել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում («Զինվորի տուն»), «Էրեբունի» բժշկական կենտրոնում և Այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժում ստացող հաշմանդամ զինծառայողների համար անվասայլակներ ձեռք բերելուն:
Անվասայլակներն ընտրվել են զինծառայողների հարմարավետությանը համապատասխան՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի անհատական կարիքներն ու բժիշկների ցուցումները:
Նախաձեռնության շրջանակներում «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, որտեղ կենտրոնի գլխավոր բժշկուհի, վերականգնողաբան Լուսինե Պողոսյանի հետ շրջայց կատարեցին, ծանոթացան կենտրոնի պայմաններին, բուժում ստացող զինծառայողների խնդիրներին:
«Մեզ համար շատ կարևոր է հիմա և այսուհետ կանգնել բոլոր այն զինծառայողների կողքին, ովքեր իրենց կյանքը և առողջությունը չխնայեցին՝ հանուն մեր հայրենիքի պաշտպանության: Նրանց սխրանքն անգնահատելի է, և մեր կողմից կազմակերպվող այս և նմանատիպ այլ նախաձեռնությունները նպատակ ունեն որոշ չափով թեթևացնելու զինծառայողների կարիքները և արտահայտելու մեր պատրաստակամությունը՝ բանակին և զինվորին աջակցելու գործում: Վստահ եմ՝ մեր գործընկերները կողջունեն մեր այս քայլը, և ինչու՝ ոչ, կմիանան և հանդես կգան համանման նախաձեռնություններով: Շնորհակալ ենք բոլոր զինծառայողներին, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,-նշեց «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
«Ռոստելեկոմ» ընկերությունը մշտապես համագործակցում է ՀՀ ՊՆ հետ՝ հնարավոր բոլոր միջոցներով աջակցելով հայրենիքի սահմանների ամրապնդման, զինվորների համար բարենպաստ պայմանների ապահովման և զինծառայողների ապահովագրման գործընթացներին: