Նորություններ
«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ» ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ «ՊԱՆԱՐՄԵՆԻԱՆ ՄԵԴԻԱ ԳՐՈՒՊ» ՓԲԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Ի պատասխան «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ կողմից մամուլում 02․11․2016 տեղ գտած հայտարարության «Ռոստելեկոմը» ներկայացնում է իր պարզաբանումը։ Մասնավորապես՝
«Ինչպես հայտնի է, «Ռոստելեկոմ» հայաստանյան ցանցի միջոցով հեռուստաալիքների հեռարձակումն իրականացվում է գործընկեր հեռարձակող «Հիբրիդ Սոլյուշնզ» ՍՊ ընկերության միջոցով։
Հայկական հեռուստաալիքները մշտապես ներառված են եղել և շարունակելու են ներառված մնալ «Ռոստելեկոմի» բոլոր փաթեթներում անվճար հիմունքներով։ Ընդ որում թվով հինգ հեռուստաալիքներ ներառված են «Սոցիալական» կոչվող փաթեթում, որի շրջանակներում հինգ հեռուստաալիքներ՝ Արմենիա ԹԻՎԻ, Հայաստանի հանրային (Հ1), Հայկական երկրորդ (h2), Կենտրոն և Միր հեռուստաալիքները հասանելի են բոլոր բաժանորդներին անգամ այն ժամանակ, երբ ծառայությունները պարտքի պատճառով կասեցված են։
Նոյեմբերի 1-ից «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ կողմից առանց որևէ պատճառի դադարեցվեց հեռարձակումը նաև մեր՝ «Ռոստելեկոմի» հայաստանյան ցանցում։
Հավաստիացնում ենք, որ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ («Ռոստելեկոմ» ապրանքանիշ) ընկերությունը կարևորում է ցանկացած բիզնես գործընթաց և մշտապես բանակցում է գործընկերների հետ՝ գործելով ՀՀ օրենսդրության շրջանակներում։
Ընկերությունը միշտ պատրաստ է մասնակցել բանակցային գործընթացներին, հատկապես, եթե դա առնչվում է ընկերության բաժանորդների շահերին և ցանկություններին։
Ի հավելում նշենք, որ «Ռոստելեկոմն» ի շահ իր բաժանորդների ակնկալում է հարցին տալ շուտափույթ լուծում և պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը խնդրի հանգուցալուծման համար։»