Հավելյալ ծառայությունները տրամադրվում են ի լրումն սակագնային փաթեթների հիմնական ծառայությունների: Հավելյալ ծառայություններին հնարավոր է միանալ՝ վճարելով սահմանված միանվագ վճարը կամ ամսավճարը: Որևէ հավելյալ ծառայության՝ որևէ սակագնային փաթեթի համար հասանելի կամ որևէ սակագնային փաթեթում ներառված լինելը սահմանվում է տվյալ սակագնային փաթեթի պայմաններով: Եթե հավելյալ ծառայությունը ներառված է որևէ սակագնային փաթեթում, ապա տվյալ սակագնային փաթեթով տվյալ հավելյալ ծառայության մատուցման համար վճար չի գանձվում:


1. Առանձին հեռուստաալիքների ընտրություն

Սմարթ հեռուստատեսության ծառայության բաժանորդը կարող է միանալ առաջարկվող առանձին հեռուստաալիքներին: Ակտիվացված յուրաքանչյուր առանձին հեռուստաալիքի համար ամսավճարը գումարվում է տվյալ սակագնային փաթեթի ամսավճարին:

Հաշվետու ամսվա առաջին օրվանից սկսած մինչև նույն ամսվա վերջին օրը ներառյալ ժամանակահատվածում բաժանորդը կարող է ապաակտիվացնել ակտիվացված առանձին հեռուստաալիքներից առավելագույնը 10 անգամ՝ անկախ նրանից՝ յուրաքանչյուր անգամ ապաակտիվացվում են տարբեր հեռուստաալիքներ, թե միևնույն հեռուստաալիքը՝ բազմակի անգամ: Եթե բաժանորդը կատարում է սակագնային փաթեթի փոփոխություն, ապա նոր սակագնային փաթեթի շրջանակներում չի ստանում առանձին հեռուստաալիքները ընթացիկ ամսվա ընթացքում ևս 10 անգամ ապաակտիվացնելու հնարավորություն, այլ շարունակում է գործել նախորդ սակագնային փաթեթի շրջանակներում հեռուստաալիքների ապաակտիվացման հնարավոր առավելագույն քանակը:


2. Հեռուստաալիքների թեմատիկ փաթեթներ

Սմարթ հեռուստատեսության ծառայության բաժանորդը կարող է միանալ հեռուստաալիքների թեմատիկ փաթեթներին: Ակտիվացված յուրաքանչյուր թեմատիկ փաթեթի  ամսավճար գումարվում է սակագնային փաթեթի ամսավճարին: Եթե բաժանորդի կողմից ակտիվացվում է թեմատիկ փաթեթ, որի կազմում ներառված գոնե մեկ հեռուստաալիք արդեն իսկ գնվել է բաժանորդի կողմից որպես առանձին հեռուստաալիք, ապա ապաակտիվացվում են բոլոր այն առանձին հեռուստաալիքները, որոնք ներառված են գնված թեմատիկ փաթեթի կազմում: Թեմատիկ փաթեթի կազմում ներառված որոշ հեռուստաալիքներ կարող են համընկնել սակագնային փաթեթի հիմնական հեռուստաալիքների հետ:

Հաշվետու ամսվա առաջին օրվանից սկսած մինչև նույն ամսվա վերջին օրը ներառյալ ժամանակահատվածում բաժանորդը կարող է ապաակտիվացնել ակտիվացված թեմատիկ փաթեթներից առավելագույնը 5 անգամ:


3. Ֆիլմադարան (VOD)

Ֆիլմադարան ծառայության միջոցով բաժանորդը ստանում է ֆիլմադարանից ֆիլմերի ընտրության և ֆիլմի ձեռքբերման պահից սկսած 48 ժամվա ընթացքում ընտրված ֆիլմը դիտելու հնարավորություն: Նշված ժամանակահատվածում բաժանորդը կարող է դիտել ձեռք բերված ֆիլմը առանց քանակական սահմանափակման: Յուրաքանչյուր ձեռք բերված ֆիլմի համար գանձվում է միանվագ վճար։ Եթե Բաժանորդը Ֆիլմադարան ծառայության միջոցով ձեռք է բերում որևէ ֆիլմ ՕԹիԹի հաշվի ներքո, ապա հնարավորություն չի ունենում՝ դիտելու տվյալ ֆիլմը ԱյՓի ԹիՎի հաշվի ներքո: Եթե Բաժանորդը Ֆիլմադարան ծառայության միջոցով ձեռք է բերում որևէ ֆիլմ ԱյՓի ԹիՎի հաշվի ներքո, ապա հնարավորություն չի ունենում՝ դիտելու տվյալ ֆիլմը ՕԹիԹի հաշվի ներքո:

 

4․  Ֆիլմերի փաթեթներ

«Սմարթ հեռուստատեսություն» ծառայության Բաժանորդը հնարավորություն ունի ձեռք բերել ֆիլմերի փաթեթներ: Ֆիլմերի փաթեթների համար սահմանված է միանվագ վճար, որը վճարվում է հետվճարային եղանակով: Ստորև ներկայացված են ֆիլմերի  4 փաթեթները՝

1. 5 դիտում – տրամադրվում է 5 (հինգ) ֆիլմ դիտելու հնարավորություն՝ 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) միանվագ վճարով,

2. 10 դիտում – տրամադրվում է 10 (տասը) ֆիլմ դիտելու հնարավորություն՝ 1500 (մեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) միանվագ վճարով,

3. 20 դիտում – տրամադրվում է  20 (քսան) ֆիլմ դիտելու հնարավորություն՝ 2500 (երկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) միանվագ վճարով:

4. 100 դիտում – տրամադրվում է  100 (հարյուր) ֆիլմ դիտելու հնարավորություն՝ 10000 (տասը հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) միանվագ վճարով:

Ձեռք բերելով ֆիլմերի փաթեթ՝ Բաժանորդը ստանում է տվյալ փաթեթի պայմաններով սահմանված քանակով իր ընտրությամբ Օպերատորի կողմից տրամադրվող ֆիլմերի ցանկից ֆիլմեր դիտելու հնարավորություն փաթեթի ձեռք բերման պահից սկսած 30 (երեսուն) օրվա ընթացքում 5 դիտում10 դիտում և 20 դիտում ֆիլմերի փաթեթների համար և փաթեթի ձեռք բերման պահից սկսած 365 (երեք հարյուր վաթսունհինգ) օրվա ընթացքում 100 դիտում ֆիլմերի փաթեթի համար (այսուհետ՝ Դիտման առավելագույն ժամանակահատված): Եթե Բաժանորդը Դիտման առավելագույն ժամանակահատվածում չի դիտում ֆիլմ տվյալ փաթեթով սահմանված առավելագույն քանակով, ապա նա հետագայում կորցնում է տվյալ փաթեթի շրջանակներում տրամադրված և չդիտված ֆիլմերը դիտելու հնարավորությունը: Ֆիլմերի փաթեթում ներառված ֆիլմերի քանակը սահմանափակվում է փաթեթով սահմանված քանակով ֆիլմերի դիտմամբ: Ֆիլմերի փաթեթի շրջանակներում միևնույն ֆիլմը առաջին միացնելու պահից սկսած 2 (երկու) ժամվա ընթացքում հնարավոր է դիտել բազմակի անգամ, որը համարվում է մեկ դիտում: Միևնույն ֆիլմի՝ առաջին միացնելու պահից սկսած 2 (երկու) ժամից հետո յուրաքանչյուր դիտումը համարվում է առանձին դիտում և հավասարազոր է միևնույն քանակով տարբեր ֆիլմեր դիտելուն: Եթե Բաժանորդը ակտիվացրել է որևէ ֆիլմերի փաթեթ, ապա տվյալ փաթեթի ակտիվ ժամանակահատվածում հնարավոր չէ ակտիվացնել մեկ այլ ֆիլմերի փաթեթ կամ գնել ֆիլմ Ֆիլմադարան ծառայության միջոցով: Ֆիլմերի փաթեթի ակտիվ ժամանակահատված է համարվում տվյալ փաթեթով սահմանված Դիտման առավելագույն ժամանակահատվածը կամ տվյալ փաթեթի ակտիվացման պահից սկսած մինչև տվյալ փաթեթով սահմանված առավելագույն քանակով ֆիլմերի դիտումը, եթե դա կատարվում է մինչև տվյալ փաթեթով սահմանված Դիտման առավելագույն ժամանակահատվածի ավարտը: Ֆիլմերի փաթեթի ակտիվ ժամանակահատվածի ավարտից հետո հնարավոր է կրկին ձեռք բերել ֆիլմերի փաթեթ կամ գնել ֆիլմ Ֆիլմադարան ծառայության միջոցով: Եթե Բաժանորդը ակտիվացնում է ֆիլմերի փաթեթներից որևէ մեկը ՕԹիԹի հաշվի ներքո, ապա հնարավորություն չի ունենում՝ դիտելու տվյալ ֆիլմերի փաթեթը ԱյՓի ԹիՎի հաշվի ներքո: Եթե Բաժանորդը ակտիվացնում է ֆիլմերի փաթեթներից որևէ մեկը ԱյՓի ԹիՎի հաշվի ներքո, ապա հնարավորություն չի ունենում՝ դիտելու տվյալ ֆիլմերի փաթեթը ՕԹիԹի հաշվի ներքո

 

«Դիտում» ֆիլմերի փաթեթների շրջանակում՝  բացառությամբ 100 դիտում ֆիլմերի փաթեթի հասանելի չեն «Ֆիլմադարան» ծառայության Կարճամետրաժ ժանրի  ֆիլմերը: «Դիտում» ֆիլմերի փաթեթների շրջանակում հասանելի չեն «Ֆիլմադարան» ծառայության Սերիալները:


5․ Մուլտիրում

Ակտիվացնելով Մուլտիրում  ծառայությունը՝ բաժանորդը կարող է ի լրումն օգտագործման իրավունքով և առանց վճարի գանձման տրամադրված հեռուստատեսային SmartBox Սարքի՝ միացնել առավելագույնը 2 հավելյալ հեռուստատեսային SmartBox Սարք՝ ստանալով հնարավորություն դիտել իր սակագնային փաթեթի բովանդակությունը միացված բոլոր Սարքերի միջոցով: Մուլտիրում  ծառայության համար գործում է Մուլտիրում  ծառայության ամսավճար՝ 500 ՀՀ դրամի չափով: Միացվող յուրաքանչյուր յուրաքանչյուր հավելյալ SmartBox Սարքի համար սահմանված է Մուլտիրում ծառայության հավելյալ Սարքի ամսավճար՝ 2000 ՀՀ դրամի (ներառյալ ԱԱՀ) չափով: 

 

Եթե Մուլտիրում  ծառայության ամսավճարը ներառված է որևէ սակագնային փաթեթում, ապա տվյալ սակագնային փաթեթի շրջանակներում Մուլտիրում ծառայության ամսավճար չի գանձվում (եթե ակտիվացվում է Մուլտիրում  ծառայությունը): Եթե Մուլտիրում  ծառայության հավելյալ Սարքի ամսավճարը ներառված է որևէ սակագնային փաթեթում, ապա տվյալ սակագնային փաթեթի պայմաններով սահմանված քանակով Սարքերի համար Մուլտիրում ծառայության հավելյալ Սարքի ամսավճար չի գանձվում (եթե ակտիվացվում է Մուլտիրում  ծառայությունը):      

 

6․ Եթերի տեսագրում (NPVR)

Եթերի տեսագրում ծառայության միջոցով հնարավոր է տեսագրել հետագայում հեռարձակվող հաղորդումներն ուղիղ եթերում: Ակտիվացնելով Եթերի տեսագրում (NPVR) ծառայությունը` Սմարթ հեռուստատեսության ծառայության բաժանորդը ստանում է վիրտուալ տարածք մինչև 3 ժամ տևողությամբ եթերի տեսագրություն իրականացնելու հնարավորությամբ՝ վճարելով 1000 դրամ (ներառյալ ԱԱՀ) ամսավճար: Եթե Եթերի տեսագրում ծառայությունը ներառված է որևէ սակագնային փաթեթում, ապա տվյալ սակագնային փաթեթի շրջանակներում Եթերի տեսագրում ծառայության ամսավճար չի գանձվում:

 

7․ Նախկին հաղորդումներ (TV on Demand)

Նախկին հաղորդումներ ծառայության միջոցով բաժանորդը կարող է դիտել ցանկացած հաղորդում հաղորդման սկզբից վերջինիս եթեր դուրս գալուց հետո 120 ժամվա կամ 168 ժամվա ընթացքում: Նախկին հաղորդումներ ծառայության շրջանակներում նախկին հաղորդումներ դիտելու ժամանակահատվածը կախված է սակագնային փաթեթից և այն սահմանվում է սակագնային փաթեթի պայմաններով: Այս ծառայության միջոցով հնարավոր է նախկին հաղորդումները դիտել՝ ըստ հաղորդումների:

 

8․ Եթերի կառավարում (TSTV)

Եթերի կառավարում ծառայության միջոցով հնարավոր է դադարեցնել տվյալ պահին ցուցադրվող հաղորդման դիտումը և այն շարունակել դիտել հետո, ինչպես նաև դիտել սկզբից: Եթերի կառավարում ծառայության միջոցով հնարավոր է նաև դիտել նախկին 3 ժամվա ընթացքում հեռարձակված եթերը՝ ըստ րոպեների:

 

9․ SmartBox Wi-Fi

SmartBox Wi-Fi ծառայության միջոցով հնարավոր է Սմարթ հեռուստատեսության ծառայությունից օգտվել՝ SmartBox սարքը միացնելով անլար (Wi-Fi) տարբերակով:

  • SmartBox Wi-Fi 1 – 500 դր․/ամիս
  • SmartBox Wi-Fi 2 - 500 դր․/ամիս (տրամադրվում է Մուլտիրում ծառայության շրջանակում՝ առնվազն 1 Հավելյալ SmartBox սարքի առկայության դեպքում)
  • SmartBox Wi-Fi 3 – 500 դր․/ամիս (տրամադրվում է Մուլտիրում ծառայության շրջանակում՝ առնվազն 2 Հավելյալ SmartBox սարքի առկայության դեպքում)

 

Եթե բաժանորդը ցանկանում է ակտիվացնել SmartBox Wi-Fi 2 տարբերակը, ապա Բաժանորդի մոտ պետք է ակտիվ լինի նաև SmartBox Wi-Fi 1 տարբերակը:

Եթե բաժանորդը ցանկանում է ակտիվացնել SmartBox Wi-Fi 3 տարբերակը, ապա Բաժանորդի մոտ պետք է ակտիվ լինեն SmartBox Wi-Fi 1 և SmartBox Wi-Fi 2  տարբերակները:

Հեռուստատեսության և Ռադիոյի ծառայությունները մատուցվում են «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ-ի հետ համատեղ: